Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) նորածինների սեռերի համամասնության ամենամեծ շեղում ունեցող երկրների թվում է։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նորածինների սեռերի համամասնությունը 2021 թ․-ին եղել է 108.8 տղա 100 աղջկա հաշվով, մինչդեռ նորածինների սեռերի համամասնության բնական մակարդակն աշխարհում 104-106 տղայի հաշվով 100 աղջիկ է։ Թեպետ վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում սեռերի համամասնության՝ 2012 թ․ 115 տղա՝ 100 աղջկա հաշվով ցուցանիշը նվազել է՝ 2021 թ․-ին հասնելով 108.8 տղայի, սակայն 2022 թ․ առաջին կիսամյակի տվյալներով ցուցանիշը կրկին աճել է՝ հասնելով 111-ի, ինչը 2021 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից (108) 3 նիշով ավելի է։
Փորձը ցույց է տալիս, որ իրավիճակի բարելավմանն ուղղված ջանքերի շարունակականությունն է, որ կարող է ապահովել ձեռքբերումների կայունություն, հետընթացի կանխարգելում և առաջընթացի խթանում։ Սեռերի անհամամասնության ցուցանիշի կրճատման հարցում դրական ազդեցություն է ունեցել միջոլորտային շարունակական համագործակցությունը, խնդրի լուծման մեջ շահագրգիռ պետական և ոչ պետական տարբեր կողմերի ներգրավվածության խթանումը։ Մասնավորապես, էական դեր ունի պետական գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների համակարգված աշխատանքը Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման 2020-2023 թվականների ծրագրի շրջանակներում, ինչը ներառում է քաղաքականությունների մշակում, կարողությունների զարգացում և քարոզարշավներ։ Այս համատեքստում կարևոր է հատկապես բուժաշխատողների կարողությունների զարգացումը և գենդերազգայունության խթանումը։ Ուստի, անհրաժեշտություն է առաջանում ապահովել արդեն իսկ գրանցված հաջողությունների կայունությունն ու ստեղծված մեխանիզմների հետագա կիրարկումը՝ կրթության և առողջապահության ոլորտներում պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը ավելի համակարգված իրականացնելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ սույն փաստաթուղթը առաջարկություններ է ներկայացնում՝ հիմնվելով 2022 թ. հունիսին Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման տարածվածությունը և պատճառները գնահատելու նպատակով իրականացված հետազոտության արդյունքների վրա: