Սույն թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցավ Գենդերային թեմատիկ խմբի հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին Հայաստանում փախստական կանանց և աղջիկների շրջանում անվտանգության և խոցելիության հիմնահարցերին վերաբերող որակական գնահատման արդյունքները։
Հետազոտությունը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։
Հետազոտության նպատակն էր գնահատել Հայաստանում փախստականների շրջանում գենդերային հիմքով բռնության միտումները և ռիսկերը՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան ավելի քան 100,000 մարդկանց ներհոսքից հետո: Հետազոտությանը մասնակցել են 142 անձինք՝ փախստական կանայք և փախստական դեռահաս աղջիկներ, գենդերային հիմքով բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրող կառույցների ներկայացուցիչներ՝ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից։ Ստացված տեղեկատվության հիման վրա էլ քարտեզագրվել են հիմնական կարիքները և բացերը:
Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Գենդերային թեմատիկ խմբի համանախագահող կառույցների ներկայացուցիչներ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։
«Քանի որ Հայաստանը զուտ հումանիտար արձագանքման ծրագրերից անցում է կատարում նաև զարգացման նախաձեռնությունների, մենք որոշեցինք ներկայացնել հետազոտության հիմնական բացահայտումները և առաջարկությունները շահագրգիռ կողմերի ավելի լայն շրջանակին՝ նախաձեռնելով Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպումը»,– ողջույնի իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը և հավելեց,–«Հուսով ենք, որ հետազոտության բացահայտած կարիքներն ու ներկայացված առաջարկները կներառվեն պետության և շահագրգիռ կառույցների կողմից իրականացվող ծրագրերում, ինչը կօգնի լուծել փախստական կանանց և աղջիկների առաջնային կարիքները»։
Հետազոտության հիմնական բացահայտումները և առաջարկները ներկայացրեց ՄԱԲՀ-ի հումանիտար իրավիճակներում գենդերային հիմքով բռնության հաղթահարմանն ուղղված ծրագրերի փորձագետ Միա Կիսիչը։
Հանդիպմանը մասնակցում էին պետական և միջազգային, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ՝ Հայաստանի մարզերից ու Երևանից։
Հետազոտությունում ներառված են առաջարկներ, որոնք նպատակ ունեն հասցեագրելու հարցվածների կողմից բացահայտված խնդիրներն ու կարիքները և միտված են բարելավելու ոչ միայն արտակարգ իրավիճակներում մատուցվող ծառայությունները, այլև պարունակում են առաջարկներ՝ փախստական բնակչության համար նախատեսված վաղ վերականգնման ու զարգացման ծրագրերի իրականացման համար։
Առաջարկներն ուղղված են երեք հիմնական կողմերի՝ գենդերային հիմքով բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցողներին, ԳՀԲ ոլորտից դուրս փախստականների համար ծառայություններ մատուցողներին և դրամաշնորհատու կազմակերպություններին։
Հետազոտության ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով։