Երիտասարդության միջազգային օրը հագեցած բազմազան միջոցառումներով նաև Լոռու մարզի երիտասարդների համար։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ Լոռու մարզում Երիտասարդության միջազգային օրը նշելը դարձել է արդեն ավանդույթ, և այդ ավանդույթը սկիզբ է դրվել ՀԿ կենտրոնի հետ դեռևս 2019 թվականին․ «Այս տարի Երիտասարդության միջազգային օրվա թեման երիտասարդների համար «Կանաչ հմտություններն ու կանաչ աշխատատեղերն» են։ Այլ կերպ ասած՝ բնության հետ այնպես հարաբերվելու ունակությունը՝ թե մեր անձնական, թե աշխատանքային ու հանրային կյանքում, որ հնարավորինս քիչ վնաս պատճառենք և առավելագույն նպաստը բերենք բնության պահպանմանը»,- նշեց Ծովինար Հարությունյանը։
Երիտասարդներին ողջունեցին նաև «ԱԿԳ Ավելի քան դեղատուն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Օֆելյա Խաչատրյանը և «ՀԿ Կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը։
Ողջույնի խոսքերին հաջորդեց «Մասնագիտությունը սեռ չի ճանաչում» խորագրով պանելային քննարկումը, որի ժամանակ խոսնակները ներկայացրեցին հաջողության հասնելու, կարիերայում առաջընթաց ունենալու իրենց բանաձևերը՝ խոսելով նաև սեռով պայմանավորված խտրականության, ինչպես նաև նոր «կանաչ» մասնագիտությունների առավելությունների մասին։ Իրենց փորձառությունը երիտասարդներին ներկայացրեցին The Body Shop բրենդի մենեջեր Մարի Հովսեփյանը, նորարար գյուղատնտես Վրույր Այվազյանը, Դեբետ գյուղի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը, Բու լեռնահեծանվային պարկին հիմնադիր-տնօրեն Էմմա Պետրոսյանը, ինչպես նաև նորարար գյուղատնտեսությամբ մասնագիտացած Սյուզաննա Հովսեփյանը։
Հետաքրքիր զրույցին հաջորդեց ստեղծագործ աշխատանքը՝ աշխատարաններում, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց առաջին փորձերը կատարել մեղրամոմից մոմերի պատրաստման գործում, ծանոթացան իլյուստրացիաների ստեղծման տարբեր ոճերին, ինչպես նաև իրենց ուժերը փորձեց Pumptrack-ի վրա հեծանվավարության գործում։
Միջոցառումները կազմակերպվել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, «The Body Shop» ապրանքանիշի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «Բու» լեռնահեծանվային պարկի համատեղ ջանքերով` «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: