Go Back Go Back
Go Back Go Back

«Գազարավազքը» հասավ Իջևան. պատասխանատու հայրությանը նվիրված ներկայացումն ավարտեց ճամփորդությունը

«Գազարավազքը» հասավ Իջևան. պատասխանատու հայրությանը նվիրված ներկայացումն ավարտեց ճամփորդությունը

News

«Գազարավազքը» հասավ Իջևան. պատասխանատու հայրությանը նվիրված ներկայացումն ավարտեց ճամփորդությունը

calendar_today 01 July 2021

Հայր Նապո։ Ես գնամ դպրո՞ց, հա՞։ Այսինքն՝ ես գնամ ծնողական ժողով, որտեղ բոլորը նստած են մայրիկներ, ես միայն՝ տղամա՞րդ։ Ինչի՞ եմ ես եկել՝ որովհետև մայր Նապոն գնացել է գազար փնտրելու։ Ի՞նչ կմտածեն իմ մասին։ Այ, ասա՛։

Մայր Նապո (հանդիսատես)։ Կմտածեն, որ դու շատ լավ հայր ես։

(հատված Իջևանում տեղի ունեցած ներկայացման՝ հանդիսատեսի մասնակցությամբ դերախաղից)

 

Հունիս ամսվա ընթացքում «Գազարավազք» ինտերակտիվ ներկայացման միջոցով Հայաստանի հինգ համայնքների շուրջ 180 երիտասարդներ հնարավորություն ունեցան ոչ միայն քննարկելու պատասխանատու և ներգրավված հայրության թեման, այլև հենց իրենք դառնալու ներկայացման հերոսներ՝ փոխելով դեպքերի ընթացքը։

Հայր Նապո։ Ծնողական ժողովները մայրիկների համար են, միասին կգնանք, բոլոր հարցերը կպարզենք։

Մայր Նապո (հանդիսատես)։ Հայրն էլ, մայրն էլ հավասար պարտականություններ ունեն երեխայի հանդեպ։ Վաղը դո՛ւ կգնաս։

Հայր Նապո։ Ես գնա՞մ, բա գազար ով գնա փնտրի։

Մայր Նապո։ Կարծում եմ՝ էսօր ինձ մոտ ավելի լավ ստացվեց [գազար գտնելը]։

Հայր Նապո։ Ո՜նց կլինի՝ մի օր ստացվեց, մի օր չկարողացա բերեմ` դու բերեցիր։ Եվ ի՞նչ։

Մայր Նապո։ Հաջորդ օրն էլ ինձ մոտ կստացվի։

(հատված Իջևանում տեղի ունեցած ներկայացման՝ հանդիսատեսի մասնակցությամբ դերախաղից)

 

Մեջբերված դրվագները «Գազարավազքի»՝ հունիսի 29-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանի «X-Drive» հակասրճանում տեղի ունեցած ներկայացումից են (ավելի ճիշտ՝ բուն ներկայացմանը հաջորդած՝ լսարանի հետ դերախաղից), որին մասնակցելու համար հավաքվել էին քաղաքի 40-ից ավելի երիտասարդներ։

Իջևանը «Գազարավազքի» վերջին կանգառն էր։ Պատասխանատու  ծնողավարության և կնոջ ու տղամարդու իրավահավասարության խթանման առաքելությամբ՝ «Գազարավազքը» շրջագայեց Հայաստանի հինգ բնակավայրերում՝ երթը սկսելով Երևանից, այնուհետև հասնելով Վանաձոր, Ցողամարգ, Գյումրի, Իջևան։

Արդյո՞ք հաց (գազար) վաստակելը միայն հոր գործն է, իսկ ծնողական ժողովի գնալը՝ միայն մոր, և ի՞նչ պետք է անեին (կամ չանեին) ներկայացման հերոսները, որ դեպքերն այլ կերպ զարգանային՝ չհանգեցնելով ընտանեկան լարվածության. որպես հանրային երկխոսության և կրթական ժամանցի (edutainment) ստեղծարար եղանակ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երկարամյա գործընկեր «Փոփոխությունների թատրոն» ՀԿ-ի պատրաստած ներկայացումը միանշանակ լուծում չի առաջարկում՝ տեղ թողնելով մասնակցային քննարկման, այլընտրանքային լուծումների փնտրտուքի համար։

Մայր Նապո։ Սիրելիս, դե ես կգնամ գազար փնտրելու, դու երեխային կտանես դպրոց, ճաշը կեփես...

Հայր Նապո (հանդիսատես)։ Ես առաջարկում եմ, որ մի քանի օր ես զբաղվեմ երեխայով, մի քանի օր դու՝ հերթականությամբ, որ ես էլ հասցնեմ աշխատել, դու էլ (Էռնեստ, 16 տ.)

(հատված Իջևանում տեղի ունեցած ներկայացման՝ հանդիսատեսի մասնակցությամբ դերախաղից)

Լսարանը հնարավորություն ուներ ինտերակտիվ դերախաղի միջոցով բարձրաձայնել սեփական մոտեցումները ընտանիքում կնոջ ու տղմարդու դերերի կարծրատիպային ընկալումների վերաբերյալ՝ ի վերջո մասնակցելով ու նպաստելով թեմայի վերաբերյալ փոխհամաձայնության կայացմանը։

Քվեարկություն

«Փոփոխությունների թատրոնի» ղեկավար Հայկ Սեկոյանը հետաքրքիր օրինաչափություն է նկատել. գրեթե բոլոր ցուցադրությունների ժամանակ, երբ գալիս էր ընտրության պահը (ներկայացման հիմնական մասի ավարտին՝ քննարկումից առաջ, հանդիսատեսը «քվեարկում» է), հանդիսատեսի մի շատ փոքր քանակ (5–6 հոգի) ընտրում էր «Մայր Նապոն պետք է այլ կերպ վարվեր» տարբերակը (մինչդեռ թվում էր, թե այդ տարբերակը ոչ ոք չի ընտրելու)։ Բայց երբ սկսվում էր քննարկումը, շատ քչերն էին խոստովանում, որ հենց իրենք են կատարել այդպիսի ընտրություն։

Քվեարկության արդյունքները

«Ըստ իս, սրա հիմքում ևս կարծրատիպային մոտեցումներն են, որոնք նոր վերլուծության տեղիք են տալիս։ Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ներկայացումը լիովին ծառայեց իր նպատակին. այն ստեղծագործական մոտեցման միջոցով ծրագրի շահառուներին դրդեց խորանալ թեմայի մեջ՝ փորձելով մարտահրավեր նետել հայրության կոնցեպտի նկատմամբ ավանդական-կարծրատիպային մոտեցումներին, և հնարավորություն տվեց բաց ու անկաշկանդ մթնոլորտում քննարկել հայրիկների կարևոր դերն ու նշանակությունը (նաև ներգրավվածության տարբեր հնարավորությունները) երեխայի և ընտանիքի կյանքում»,- ասում է Հայկ Սեկոյանը։

Ներկայացումը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագիրը մեկնարկել է 2020 թ.-ին և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում ՄԱԿ-ի Բնակչության հիմանդրամը ԵՄ թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։