Go Back Go Back
Go Back Go Back

«Հայրիկս ու ես» ցուցահանդեսն ու մարզական մրցույթը՝ գունեղ տոն հայրերի և երեխաների համար

«Հայրիկս ու ես» ցուցահանդեսն ու մարզական մրցույթը՝ գունեղ տոն հայրերի և երեխաների համար

News

«Հայրիկս ու ես» ցուցահանդեսն ու մարզական մրցույթը՝ գունեղ տոն հայրերի և երեխաների համար

calendar_today 09 December 2021

Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը վառ գույներով է «ներկված». կենտրոնի արվեստի տարբեր խմբակների 100 սաների՝ «Հայրիկս և ես» թեմայով նկարներն ու արվեստի այլ աշխատանքները դեռ մուտքից դիմավորում են հյուրերին: Դահլիճում վառվռուն աչքերով երեխաները պտտվում են իրենց ստեղծագործությունների շուրջը։

 

10-ամյա Անուշ Հարությունյանը ոգևորված բռնում է հայրիկի ձեռքն ու նրան տանում իր ստեղծագործության մոտ:

«Շատ մեծ հուզմունք ապրեցի, երբ տեսա դստերս աշխատանքները: Երեխայի հետ շատ ժամանակ եմ անցկացնում, արվեստով զբաղվում։ Մեծ հպարտություն զգացի ու ևս մեկ անգամ հասկացա, թե ինչքան կարևոր է, որ հայրերը ներգրավված լինեն երեխայի խնամքի և դաստիրակության մեջ»,- ասում է Անուշի հայրը՝ Նարեկ Հարությունյանը:  

«Այս աշխատանքում ես ու հայրիկս ենք՝ շրջապատված աշնանային ոսկեզօծ տերևներով, քանի որ հայրիկների տոնն աշնանն է»,- իր քանդակի մոտ է հրավիրում Սոնա Արզումանյանը:

«Քանդակում ուզում էի ցույց տալ, որ հայրիկս միշտ իմ թիկունքում է, և ես ինձ այդպես ավելի պաշտպանված ու ինքնավստահ եմ զգում»,- ասում է 10-ամյա աղջիկը:

Մինչ կմոտենանք հաջորդ նկարին՝ Մովսես Թամազյանը որդուն հարցնում է. «Սա ե՞ս եմ, սա էլ դո՞ւ»: 9-ամյա Աշոտ Թամազյանը գլխով դրական պատասխան է տալիս ու ասում, որ իրեն ու հայրիկին պատկերել է ընդամենը երկու օրում:

«Ես ու կինս, հավասարապես, խնամում ենք մեր երեխաներին։ Նրանք զգայուն են, հայրիկի բացակայությունն ընտանիքում որոշակի հոգեբանական ազդեցություն է ունենում, դա հասկանում ենք, և փորձում ենք ամբողջական պահել մեր ընտանիքը, որտեղ սերը, համերաշխությունն ու աշխատանքը միաձուլված են»,- ասում է Մովսես Թամազյանը:

Տղամարդկանց միջազգային օրվան (նոյեմբերի 19-ին) նվիրված միջոցառումն այստեղ է բերել բազմաթիվ հյուրերի, որոնց գերակշիռ մասը հայրիկներն են: «ՏԱՀՈՒՅՍ» սոցիալ-կրթական ՀԿ-ի ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի կազմակերպած միջոցառումը «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց հավասարության» ծրագրի շրջանակներում է, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում են ՄԱԿ-ի Բնակչության  հիմնադրամի հայաստանյան գրասենյակն (ՄԱԲՀ) ու «ՄԱԿ Կանայք» կազմակերպությունը:

Միջոցառման մեկնարկին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն ասում է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն աշխատում է, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա կյանքի կոչել իր երազանքը՝ անկախ բնակության վայրից, տարիքից, սեռից։ 

«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ եթե ներդաշնակության հասնենք եւ տղամարդիկ կարողանան ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, երեխաների խնամքի մի մասը վերցնեն իրենց ուսերին, ավելի առողջ ու հավասարակշռված կլինեն բոլորը, ինչն էլ կբերի հասարակության ու պետության ուժեղացմանը»,- ասում է Ծովինար Հարությունյանը:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ծովինար Բաղդասարյանը նման ծրագրերի իրագործման համար կարևորում է գաղափարական նվիրյալների առկայությունը:

«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի դերը: Սա տարիներով փորձված համագործակցություն է, որը, հուսով ենք, կշարունակվի»,- ասում է նա:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասում է, որ առաջին անգամն է նման միջոցառման մասնակցում, որտեղ ընտանիքի անդամների դերը միասնական է շեշտադրվում:

«Ամբողջական ընտանիքի գաղափարն է կարևոր, որտեղ ամեն բան կառուցվում է սիրո վրա։ Ընտանիքները, որտեղ հայրերը բացակա են, որքան էլ մայրերը ջանք ու սեր ներդնեն, երեխաների կյանքում ինչ-որ մեծ բան պակասում է»,- ասում է Տավուշի թեմի առաջնորդը:      

Այնուհետև հյուրերը տեղափոխվում են «Արևիկ» կենտրոնի դահլիճ, որտեղ կենտրոնի 10-12 տարեկան 30 երեխաներն ու նրանց հայրերը մրցում են սպորտային խաղերում: «Հայրեր և երեխաներ» խորագրով մարզական մրցույթին հայրերի մի մասը հետևում է հոտնկայս, մյուս մասն՝ անմիջական մասնակցություն ունենում:

Դե էլ ի՞նչ մարզական մրցույթ առանց նվերների, իսկ խրախուսական նվերներ ստանում են բոլորը: Միջոցառման եզրափակիչ ակորդը տրվում է #ՊատասխանատուՀայրություն խորագրով լուսանկարահանմամբ: