ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի թիմը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» իր գործընկերների հետ միասին, մի շարք աշխատանքային հանդիպումներ ունեցավ Վանաձորում։
Լոռու մարզպետարանում մարզպետ Արամ Խաչատրյանին եւ մարզպետարանի թիմին ներկայացրեցինք Լոռու մարզում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված և իրականացվելիք ծրագրերը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը խոսեց հիմնական աշխատանքային ուղղությունների մասին և Լոռու մարզում կատարված և նախատեսված աշխատանքի մասին։ Մասնավորապես, խոսվեց Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» և «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրերի շրջանակներում մարզում նախատեսվող գործողությունների մասին։
Ծրագրերի համակարգողներ Նարինե Բեգլարյանը և Էդուարդ Իսրայելյանը ներկայացրեցին ծրագրերի առանձնահատկությունները, այդ թվում՝ «Վիննեթ Վանաձոր» կանանց նորաբաց ռեսուրսային կենտրոնի և բացվելիք «Ընտանիքի անկյանը» վերաբերող հարցերը։
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը ներկայացրեց «Ընտանիքի անկյուն» ունենալու Շիրակի մարզի փորձը։ «Ընտանիքի անկյունում» պարբերաբար տեղի են ունենում ծնողավարության դասընթացներ, «Հայրերի դպրոցի» հանդիպումներ, ինչպես նաև հանդիպումներ նշանակալի անձանց հետ։
Ավարտին մարզպետը շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու և կատարված աշխատանքի համար։
«Համոզված եմ, որ մեր համագործակցությունը պետք է ավելի խորանա», - նշեց Արամ Խաչատրյանը։
Մարզպետը կարևորեց նաև նախատեսված աշխատանքները և վստահություն հայտնեց, որ միասին կկարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել։
Վանաձորի համայնքապետարանում բովանդակալից հանդիպում ունեցանք Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի և նրա թիմի հետ։
Այստեղ ևս ներկայացվեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» աշխատանքային հիմնական ուղղությունները, Վանաձորում արված աշխատանքը և առաջիկա անելիքները, մասնավորապես, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող երկու ծրագրերի շրջանակում Վանաձորում ակնկալվող աշխատանքը։
«Մենք մեր ծրագրերով փորձում ենք ձեզ հետ մի փոքր կիսել ձեր խնդիրները, փորձում ենք լուծումներ տալ, որպեսզի ավելի ուժեղ, ավելի լավ համայնքներ ունենանք և կարողանանք յուրաքանչյուրի ներուժն ու ռեսուրսն ի նպաստ համայնքի և երկրի զարգացման օգտագործել», - ասաց Ծովինար Հարությունյանը։
Արթուր Նաջարյանը ներկայացրեց Շիրակի մարզի փորձը թե՛ կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, թե՛ երիտասարդությանն ուղղված ծրագրերի առումով։
Նարինե Բեգլարյանը և Էդուարդ Իսրայելյանը ներկայացրեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը։
Համայնքապետը պատրաստակամություն հայտնեց ըստ կարողության օժանդակել նախաձեռնություններին։ Մամիկոն Ասլանյանը ներկայացրեց նաև Վանաձորում մեկնարկելիք ծրագրերը և դրանց շաղկապված հարցեր։
Այցելեցինք նաև ԵՄ ֆինանսավորմամբ «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի օգնությամբ Վանաձորում նոր բացված «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրսային կենտրոն։ «Վիննեթ Վանաձորը» Հայաստանի հինգ մարզերում՝ Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ, Լոռի և Արագածոտն, գործող «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի մաս է, որն իր հերթին «Վիննեթ Եվրոպայի» առաջին անդամն է՝ ոչ ԵՄ երկրից։ «Վիննեթ» կենտրոնների նպատակն է մարզերում տնտեսության և ժողովրդավարության աճին նպաստելը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով կանանց տնտեսական առաջընթացի և համագործակցության վրա։ Կենտրոնները հանդիպման վայր են տեղի կանանց համար՝ աջակցելով կանանց իրենց սեփական բիզնեսը սկսելու գործում։
Վիննեթ Վանաձորի» հիմնադիրը 2015-ից գործող «Վանաձորի կանանց նախաձեռնող խումբն» է, որը ծրագրի աջակցությամբ կատարեց քայլ առաջ և 2020թ.-ին գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն։
«Հիմա որպես «Վիննեթ Վանաձոր», փորձում ենք մեր տեղը գտնել համայնքում, ավելի խորը գնահատել կարիքները, ավելի ակտիվ ներկայացնել մեր ծառայությունները», - ասաց «Վիննեթ Վանաձորի» անդամ Հռիփսիմե Միրզոյանը։
Ծովինար Հարությունյանն անդրադարձ արեց Հայաստանում Վիննեթի ստեղծման պատմությանն ու անցած ճանապարհին։
Ռեսուրսային կենտրոնի անդամները ներկայացրեցին արդեն արված աշխատանքն ու համագործակցության օրինակները, նախաձեռնող կանանց միանալու իրենց պատմությունը՝ հետաքրքիր ու հուզիչ մանրամասներով։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի թիմը պատրաստակամություն հայտնեց ինչով հնարավոր է օժանդակել Վանաձորի ակտիվ կանանց ու աղջիկների այս խմբին՝ հանուն կանանց միջոցով համայնքի զարգացմանն ուղղված կարևոր աշխատանքի։