You are here

2016 թ․ մարտի 4-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մասնակցեց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության և ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ․ազգային ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թեմայով խորհրդարանական լսումներին: Լսումներին մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ծրագրի նպատակը ժողովրդագրական իրավիճակի համակողմանի գնահատման և իրականացվող նպատակային միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական հետևանքների նվազեցումն ու իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին, նշեց, որ ծրագրով թիրախավորվում է ծնելիությունը: Նա անդրադարձավ վերարտադրողական առողջությանը՝ այդ համատեքստում կարևորելով ծրագրի մասին հասարակության իրազեկումը: