ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ պատվիրակությունը մասնակցում է հունիսի 15-17-ը Հռումում ընթացող Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովին, որը կազմակերպում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը։
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, կազմում են նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Իտալիայում Հայաստանի դեսպանատան դիվանագիտական կազմը, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ներկայացնում է գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
Հայաստանը համաժողովի բացման նիստում ելույթ ունեցող հինգ երկրներից մեկն էր, որտեղ ներկայացրեց երկրում Ծերացման խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների ծրագրի (MIPAA) իրականացման առաջընթացը: Հարկ է նշել, որ այս տարի լրանում է ծրագրի 20-ամյակը։ Համաժողովին քննարկվելու է ծերացմանն առնչվող խնդիրների լայն շրջանակ և ուղիներ՝ ծերացումը խնդրից հնարավորության վերափոխելու համար։
Նախարարը նաև մասնակցեց համաժողովին հարակից «Իրավունքներ, առողջություն և արժանապատվություն. ժողովրդագրական դիմակայունության բարձրացումը բնակչության ծերացման բերած հնարավորությունների օգտագործման միջոցով» միջոցառմանը։
Հայաստանը ծերացող հասարակություն ունեցող երկրների շարքին է պատկանում, ընդ որում, ինչպես ամբողջ Եվրոպայում, մեր երկրում էլ տարեցներն ամենաարագ աճող խումբն են։ Ուստի կենսական նշանակություն ունի ժամանակին երկրի ենթակառուցվածքները, համակարգերն ու հաստատություններն այդ իրողությանը համապատասխանեցնելը, ինչպես նաև առողջ, ակտիվ տարեցության լայն խթանումը։
Մենք շարունակելու ենք աջակցել ՀՀ կառավարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ինչպես ծերացման, այնպես էլ ժողովրդագրական մյուս ուղղություններով դրական զարգացումներ ապահովելու հարցում, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության մշակման հարցում։