You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի թիմը հանդիպեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին, որի  ընթացքում քննարկվեցին ռազմավարական մի շարք ուղղություններ, ինչպես նաև 2021 թվականին իրականացվելիք ծրագրեր: 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը ներկայացրեց ՄԱԲՀ հիմնական աշխատանքային ուղղությունները, որոնք առնչվում են առողջապահության ոլորտին։ 

Շոշափվեց հարցերի լայն շրջանակ՝ վերարտադրողական և մայրական առողջության ու մայրական մահացության խնդիրներ, ժողովրդագրական խնդիրներ՝ այդ թվում ծերացմամբ պայմանավորված, ինչպես նաև մշակվող ռազմավարություններ:

Մասնավորապես, ԱՆ  նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն:

Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող բուժօգնության ծրագիրն ընդլայնելու՝ պետության ջանքերի մասին՝ պայմանավորված օգտվել ցանկացող քաղաքացիների մեծ թվով։ Նախարարի պաշտոնակատարի նշեց, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծրագրից կարող են օգտվել նաև զոհված զինծառայողների ընտանիքները:

Անդրադառնալով ժողովրդագրական ցուցանիշներին` նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դրանց վրա էական ազդեցություն է ունեցել ոչ միայն պատերազմը, այլև` համավարակը: Ըստ Անահիտ Ավանեսյանի, հետպատերազմյան շրջանում հանրության մոտ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ առաջացած անտարբերությունն ուշացած, ցավոք, նաև մահվան դեպքերի առիթ է դառնում: Այս համատեքստում կարևորվեց COVID-19-ի դեմ պատվաստումների դերը, քանի որ այդպիսով միայն հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան ու նվազեցնել մահվան ցուցանիշները գոնե համավարակի առումով:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը ռազմավարական մի շարք ուղղություններում, որտեղ առանձնակի կկարևորվեն հոգեկան առողջության և ծերերի առողջության պահպանմանն ուղղված հարցերը: