ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Երիտասարդ հավասարակիցների հայկական ցանցի հետ միասին, երկօրյա տեղեկատվական հանդիպումներ անցկացրեց երիտասարդների համար Կայուն զարգացման նպատակների մասին: Կայուն զարգացման նպատակները զարգացման նոր գլոբալ օրակարգի առանցքային մասն են և ուղղված են աղքատության վերացմանը, մոլորակի պաշտպանությանը և համընդհանուր բարեկեցության ապահովմանը:
Հանդիպումներին մասնակցեցին հայաստանյան ավագ դպրոցների և համալսարանների՝ այդ թվում Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան և ֆրանսիական համալսարանների քսան սովորողներ:
Մասնակիցներին ողջունեց ՄԱԲՀ ծրագրերի համակարգող Ծովինար Հարությունյանը:
Տեղեկատվական հանդիպումների ժամանակ Կայուն զարգացման նպատակների մասին զեկույցներով հանդես եկան ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՄԱԿ-ի Տեղեկատվական վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: Մասնակիցները լսեցին Հայաստանի երիտասարդ հավասարակիցների ցանցի մասին, ինչպես նաև խմբային աշխատանք և խմբային զեկույցներ արեցին:
Խմբային աշխատանքի ընթացքում երիտասարդները փորձեցին սեփական մոտեցումները ձևակերպել Կայուն զարգացման կոնկրետ նպատակներին հասնելու ճանապարհների վերաբերյալ: