Այսօր Գյումրիում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (#ՄԱԲՀ) գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Շիրակի մարզում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի պատասխանատուներ Նարինե Բեգլարյանը և Էդուարդ Իսրայելյանը, ինչպես նաև հիմնադրամի գործընկեր՝ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արթուր Նաջարյանը հանդիպել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Ծովինար Հարությունյանը ներկայացրել է Շիրակի մարզում հիմնադրամի կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը:
Մասնավորապես նշվել է, որ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի Երիտասարդության միջազգային օրը Շիրակում՝ Գյումրիում նշելը Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (YIC Gyumri - Youth Initiative Centre NGO) համագործակցությամբ։ Այս տարի նույնպես, թեպետ COVID-19 համավարակի պատճառով օրվա շրջանակներում զանգվածային միջոցառումներ տեղի չունեցան, սակայն մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ կյանքի կոչվեցին Շիրակի մարզում, այդ թվում՝ վճարվող աշխատանքային պրակտիկայի հնարավորություն երիտասարդների համար, երիտասարդներին ուղղված յուրահատուկ տեսաուղերձների մրցույթ, ուղերձներ պարունակող վահանակների տեղադրում Գյումրիի կենտրոնական հատվածներում։
Ծովինար Հարությունյանը ներկայացրել է նաև Եվրամիության ֆինանսավորմամբ ՀՀ երեք մարզերում, այդ թվում՝ Շիրակում մեկնարկող երկու ծրագրերը։
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Գյումրիում կստեղծվի «Ընտանիքի անկյուն», որտեղ անցկացվելու են հանդիպումներ, դասընթացներ և միջոցառումներ երիտասարդ տղաների ու աղջիկների, հայրիկների և մայրիկների համար՝ ուղղված կանանց և տղամարդկանց հավասարության խթանմանը, երեխայի խնամքի հարցում տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը, կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը: Կազմակերպվելու են նաև բուժաշխատողների համար դասընթացներ՝ պրենատալ խնամքում հայրիկների ներգրավվածության վերաբերյալ:
«Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացումը Հայաստանում ժողովրդավարության բարելավման համար» ծրագրի շրջանակներում կանայք հնարավորություն կունենան ծրագրել սեփական կարիքներին համապատասխան նախաձեռնություններ, կակտիվացվի «կանանց կողմից՝ կանանց համար» աջակցության շրջանակը: Կընդլայնվի կանանց ռեսուրսային կենտրոնների մոդելը՝ դրանք դարձնելով առավել ներառական:
Շիրակի մարզպետը ողջունել է հյուրերի այցը, ապա ներկայացրել որոշ դիտարկումներ ներկայացված ծրագրերի վերաբերյալ: «Ծրագրերն իրենց բնույթով բարդ են, խնդրակազմերը՝ շատ, հանրային ընկալման կարիք կա բռնությունը ճանաչելու, դրանց ազդեցությունների և վերլուծությունների համար»,- նշել է մարզպետը: Նա հավաստիացրել է, որ ծրագրերի իրականացման ընթացքում համագործակցություն կլինի մարզպետարանի համապատասխան բաժինների հետ, պատրաստակամություն հայտնել աջակցելու ցանկացած հարցում՝ հաշվի առնելով մարզի առանձնահատկությունները, այդ թվում՝ սոցիալական անապահովության բարձր ցուցանիշը:
Ծովինար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել շատ կարևոր դիտարկումների համար և նշել, որ հաշվի առնելով հիշատակված առանձնահատկությունները՝ ՄԱԲՀ-ն ընդլայնել է իր ծրագրերի իրականացման շրջանակներում համագործակցությունը։
Լուսանկարների համար շնորհակալություն Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին:
#eu4genderequality - European Union in Armenia - ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ