You are here

Եկեք մեծարենք մանկաբարձներին՝ COVID-19-ի ճգնաժամի առաջնագծի չերգված հերոսներին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Նատալիա Քանեմի ուղերձը Մանկաբարձների միջազգային օրվա առթիվ, 5-ը մայիսի, 2020 թ.

Մինչ աշխարհը պայքարում է COVID-19-ի դեմ, կանայք շարունակում են հղիանալ, երեխաները շարունակում են ծնվել: Համավարակի պատճառով ծննդաբերությունները կանգ չեն առնում, կանգ չեն առնում նաև մանկաբարձները: Ողջ աշխարհում նրանք անխոնջ աշխատում են առաջնագծում՝ ծննդատներում, առողջության կենտրոններում և կանանց տներում ՝ վտանգելով իրենց կյանքը և բարեկեցությունը՝ կանանց և նորածինների կյանքը փրկելու համար:

Բազմաթիվ երկրներում, որտեղ COVID-19 ճգնաժամի հարվածները ծանր են եղել, մանկաբարձները մահանում են անձնական պաշտպանիչ միջոցների (PPE) բացակայության և ընդհանուր աջակցության բացակայության պատճառով: Բազմաթիվ բուժհաստատություններում մանկաբարձները վերաուղղվում են վիրուսի արձագանքին, և դա կանանց թողնում է առանց կյանք փրկող, հրատապ ծառայությունների: Որպես համավարակին առողջապահական ոլորտի ընդհանուր արձագանքի մաս, մայրական և նորածնային առողջությունը պետք է առաջնահերթություն ունենա:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը շատ բարձր է գնահատում բոլոր մանկաբարձների աշխատանքը, և հանձն է առնում կանգնել նրանց կողքին` աշխատելով երկրների կառավարությունների հետ` մանկաբարձներին COVID-19-ից պաշտպանելու համար:

Մանկաբարձները մայրական առողջության համակարգերի ողնաշարն են, որոնք անում են շատ ավելին, քան սոսկ ծնունդ ընդունելը։ Այս ճգնաժամն առիթ է բոլորիս համար` ավելին անելու՝ աշխարհի բոլոր անկյուններում բոլոր կանանց սեռական և վերարտադրողական առողջությունն ու իրավունքները պահպանելու համար մանկաբարձների ջանքերը սատարելու ուղղությամբ:

Երկրներում, որտեղ այդ իրավունքներն ու ընտրության հնարավորությունը կասկածի տակ են առնվում կամ վտանգված են, մանկաբարձները խոսում են մայրական կանխարգելելի մահերի և ընտանիքի պլանավորման հնարավորության բացակայության մասին: Նրանք ահազանգում են գենդերային բռնության և այնպիսի վնասակար գործելակերպերի մասին, ինչպիսիք են կանանց սեռական օրգանների խեղումը և մանկահասակների ամուսնությունը: Նրանք առաջ են մղում գենդերային հավասարությունը:

Մանկաբարձները կանանց կողքին են, երբ նրանք առավել խոցելի են: Նրանք ամեն օր պայքարում են՝ պաշտպանելով կնոջ` անվտանգ հղիություն ու ծննդաբերություն ունենալու մարդկային իրավունքը, նույնիսկ երբ իրենք են հաճախ բախվում խտրականության, սեռական ոտնձգությունների և անհավասար վարձատրության: Այս մարտահրավերներն այժմ էլ ավելի են սրվում COVID-19-ի նկատմամբ վախի և անորոշության պատճառով:

Ավանդաբար, մանկաբարձները կենսական դեր են խաղացել համավարներին արձագանքելու հարցում: Մինչ բազմաթիվ երկրներում առողջապահական համակարգերը լիովին գերծանրաբեռնված են, մանկաբարձները քաջություն ու տոկություն են ցուցաբերում՝ շարունակելով ծանրագույն պայմաններում աջակցել ծննդաբերող կանանց:

Ամբողջ աշխարհում ՄԱԲՀ-ն մանկաբարձներին աջակցում է COVID-19-ին արձագանքման առաջնագծում՝ տրամադրելով պարագաներ և անձնական պաշտպանիչ միջոցներ, մեծացնելով առողջապահական համակարգերի կարողությունները, որպեսզի մայրական առողջության ծառայությունները չանտեսվեն և ապահովելով, որ հղի և կրծքով կերակրող կանայք, ներառյալ կարանտինում գտնվողները, կարիքի դեպքում ստանան իրենց անհրաժեշտ խնամքը:

Հիմա, ավելի, քան երբևէ, մենք պետք է քայլեր ձեռնարկենք մանկաբարձներին որպես կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների աննկուն առաջամարտիկներ ճանաչելու համար: Ահա երեք եղանակներ, որով ԴՈՒՔ կարող եք անել ձեր մասը, որպեսզի դա տեղի ունենա 2020 թվականին՝ Բուժքրոջ և մանկաբարձի միջազգային տարում.

  1. Ցուցադրեք Ձեր աջակցությունը` ճանաչելով և մյուսներին տեղեկացնելով մայրական և նորածնային հիվանդացության և մահացության նվազեցման գործում մանկաբարձների վճռորոշ դերի մասին: Առանց մանկաբարձների, համավարակի պայմաններում, ծննդաբերության ընթացքում կանխարգելելի պատճառներից շատ ավելի շատ կանայք և նորածիններ կմահանան:
  2. Բարձրաձայնեք մանկաբարձների նվաճումները և նրանց ներդրումը սեռական, վերարտադրողական, մայրական և նորածնային առողջության բարելավման գործում: Այնպես արեք, որ նրանք հպարտություն զգան՝ որպես առաջնագծի առողջապահության աշխատակիցներ, որոնք արձագանքում են COVID-19-ին:
  3. Խրախուսեք քաղաքականություն մշակողներին՝ լոբբինգի միջոցով հասնելու նրան, որպեսզի մանկաբարձները ճանաչվեն որպես առանձնահատուկ մասնագետներ և ապահովվեն համապատասխան ռեսուրսներով: Պահանջեք ներդրումներ կատարել մանկաբարձության ոլորտում և հարգել մանկաբարձների ավանդը մայրական և նորածինային առողջության մեջ:

Եկեք համախմբվենք հանուն մանկաբարձների և մանկաբարձների հետ` նույնիսկ այս դժվարին ժամանակաշրջանում կանանց սեռական և վերարտադրողական առողջությունն ու իրավունքները պաշտպանելու և դրանց գերակայությունն ապահովելու համար: