Go Back Go Back
Go Back Go Back

Մարտի 8-ը՝ Բյուրականի աստղադիտարանում

Մարտի 8-ը՝ Բյուրականի աստղադիտարանում

News

Մարտի 8-ը՝ Բյուրականի աստղադիտարանում

calendar_today 13 March 2023

Երիտասարդ աղջիկների խումբը ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՀՀ ԱՍՀՆ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Բյուրականի աստղադիտարանում
Խոսնակ աղջիկները՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՀՀ ԱՍՀՆ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Կանանց իրավունքների միջազգային օրը նշեցինք Բյուրական համայնքում, որտեղ Հայաստանի մարզերից 13 երիտասարդ աղջիկ Բյուրականի աստղադիտարանում հավաքված ավելի քան 50 պատանիներին պատմեցին «դեպի աստղեր իրենց թռիչքի» ու երազանքների մասին։ Տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում առաջին քայլերը հաջողությամբ իրականացնող այս երիտասարդ աղջիկները մասնակցում էին Կանանց իրավունքների միջազգային օրվա միջոցառմանը՝ իրենց պատմություններով ոգևորելու հասակակիցներին։

Ներկա էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ, ԵՄ գործընկերներ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, The Body Shop-ի, Safe You-ի, WomenNet-ի, աստղադիտարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Ողջունելով ներկաներին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը պատմեց մարտի 8-ի նախապատմությունը և թե ինչ մեծ ներդրում ունեն կանայք՝ ներառյալ մերազնյա, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։

«Գենդերային հավասարությունը և կանանց հզորացումը ոչ միայն ճիշտ ուղին է, այլև խելացի ուղին է: Միավորված ազգերի կազմակերպությունը միանշանակ աջակցում է այդ գործընթացին, և մենք վստահ ենք, որ տարեցտարի ականատես ենք լինելու թվային տեխնոլոգիաների մեջ կանանց ներգրավվածության աճին», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, դիմելով աղջիկներին, կոչ արեց, որ այսօրվա «դեպի աստղեր գնալու» մեր ճանապարհին յուրաքանչյուրս համարձակ լինենք մեր տեղում։ «Երբեք չունենանք այն մտավախությունը, որ մենք մի բան ավելի վատ ենք անում, քան մյուս սեռը,  որ մենք շատ ավելի մեծ խոչընդոտներ ունենք, քան տղամարդիկ... ամեն ինչ մեր ձեռքում է։», - նշեց տիկին Ստեփանյանը։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը պատմեց հայտնի հայ կին աստղագետների մասին՝ Էլմա Պարսամյանի, որը բացահայտել է Քարահունջը, Ալենուշ Տերյանի, որին անվանում են Իրանի աստղագիտության մայր, Փարիս Փիշմիշի մասին, որը համարվում է Մեքսիկայում ժամանակակից աստղագիտության հիմնադիրը։ Պարոն Միքայելյանը աստղադիտարանի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու, ուղղորդելու աղջիկներին, եթե հետաքրքրություն ցուցաբերեն աստղագիտության ոլորտում։  

Խոսնակ աղջիկները հիմնականում ներկայացնում էին բնագիտական և մաթեմատիկայի ոլորտները, իսկ ոմանք նաև նորարար տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկել իրենց համայնքում, մարզում դրական փոփոխություններ բերելու համար։ Նրանք մեկը մյուսից հետաքրքիր ու ոգեշնչող պատմություններ պատմեցին։

«Երբեք չհանձնվես ինչ էլ որ պատահի, միշտ քո առաջ ունեցիր քո երազանքն ու առաջ շարժվիր, դու ես քո ճանապարհ հարթողը», - ասաց 13 խոսնակ աղջիկներից մեկը՝ 22-ամյա Վարդիթեր Բեգլարյանը, որը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքից է, միջուկային ռեակտորների ֆիզիկոս և Մարի Կյուրիի անվան կրթաթոշակառու։

Տասնիննամյա վանաձորցի Անահիտ Ջիլիկյանն էլ աղջիկներին խորհուրդ տվեց երբեք չհանձնվել, քանի որ գիտությունը սիրում է ձախողումներ, և ամեն մի ձախողում ինքն իրենով մի նոր հայտնագործություն է, գիտությունը ընտրող ցանկացած մարդ պետք է իմանա. «Կարողացել է մեկը, կարող ես և դու, չի կարողացել ոչ ոք, դու կլինես առաջինը»։

Մինչ միջոցառումը, պատանիներն այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն թանգարան և ամենամեծ աստղադիտակը։ Իսկ միջոցառման վերջում ներկա կառույցներն ու կազմակերպությունները մրցանակներ հանձնեցին խոսնակներին, որոնք նաև դարձան Նէի՝ Աղջիկ երեխայի խորհրդանիշի դեսպաններ։ Իսկ մասնակիցները ստացան «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի մեկական օրինակ։

Միջոցառումն իրականացվեց ՄԱԿ-ի հայտարարած՝ Կանանց իրավունքների օրվա «Նորարարությունը և տեխնոլոգիաները հանուն գենդերային հավասարության» ընդհանուր խորագրի ներքո։ Նպատակն էր մեկ անգամ ևս արժևորել և ընդգծել երիտասարդ աղջիկների կարևոր դերակատարությունը տեխնոլոգիաների և նորարության ոլորտում, այս ուղղություններում առաջին քայլերը հաջողությամբ իրականացնող երիտասարդ աղջիկների օրինակով ոգևորել պատանիներին և երիտասարդներին՝ իրենց վստահ քայլն անելու և մասնագիտության ընտրության հարցում։

Միջոցառումը  նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանը և իրականացրել «Ֆեմիննո»-ի հետ համատեղ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի  կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և Հարավ-Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։