ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան, մեկնարկեց «Խնամողի դպրոցի» շրջանակում մշակված «Մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքներ» խորագրով հատուկ, երկամսյա դասընթացի առցանց տարբերակը։ Դասավանդող մասնագետները բժիշկներ են՝ մասնագիտացած նաև պրոֆեսիոնալ խնամքի հարցերում, անցել են մի շարք վերապատրստումներ հենց գերիատրիայի և գերոնտոլոգիայի ոլորտում՝ Ասոցիացիայի գործընկեր միջազգային կազմակերպություններում (EuGMS, РГНКЦ)։
Տարեցների մեծամասնությունը տարիքին համընթաց ձեռք է բերում առողջական մի շարք խնդիրներ, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։ Նրանց և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը մեծապես կախված է խնամքից, դրա ճիշտ կազմակերպումից։ Հետևաբար խիստ կարևոր է, որ խնամողը, լինի ընտանիքի անդամ, թե մասնագետ (օրինակ՝ բուժքույր), տիրապետի խնամքի ոլորտում հատուկ գիտելիքների և հմտությունների։
Դասընթացն ինտերակտիվ է և ի սկզբանե կազմվել է մեծահասակների շարունակական կրթության սկզբունքներին համապատասխան։ Այժմ, պայմանավորված COVID-19-ի տարածումը կանխարգելող միջոցառումներով և սահմանափակումներով, ծրագիրը վերամշակվել է, հարմարեցվել հեռավար կրթության պահանջներին և տեղափոխվել է առցանց հարթակ՝ թույլ տալով ավելի շատ մասնակիցների ներգրավել՝ նաև մարզերից։
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի համաճարակի ընթացքում տանը մնալու կարևորությունը և տարեցների ու ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց ռիսկային խմբում լինելը՝ մի շարք դասախոսություններ անցկացվում են բաց և հասանելի են նաև հանրությանը։
Դասընթացը ներգրավել է ոչ միայն բուժքույրերի, ներկայում որպես խնամող աշխատող անհատների, այլև հենց խնամքի կարիք ունեցող տարեցների ընտանիքի անդամների, որոնք ցանկացել են հատուկ գիտելիքներ յուրացնել և ինքնուրույն հոգ տանել իրենց տարեց հարազատի մասին։ Ընդ որում՝ դասընթացը չունի նաև տարիքային սահմանափակում․ մասնակիցների շարքում կան 50-ն անց անձինք, որոնք պարզապես ցանկանում են նոր հմտություններ զարգացնել և հետագայում աշխատել որպես արհեստավարժ խնամող։