2012 թ. ապրիլի 30-ին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրեցին Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերի (ՀԺԱՀ) 2010 թ. հետազոտության հիմնական արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, առողջապահական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՀԺԱՀ-ը Հայաստանի համար ներկայացուցչական ընտրանքային հետազոտություն է, որն իրականացվում է հինգ տարին մեկ պարբերականությամբ՝ սկսած 2000 թվականից: Հետազոտության նպատակն է վեր հանել կարևոր տեղեկություններ Հայաստանի բնակչության և առողջական հարցերի վերաբերյալ, որոնք կարող են գործածվել, ի թիվս այլոց, առողջապահության և ժողովրդագրության ոլորտներում առկա քաղաքականությունների ճշգրտման և նոր քաղաքականությունների մշակման համար:
ՀԺԱՀ-2010-ը, որը թվով երրորդ նմանատիպ հետազոտությունն է, ազգային և մարզային մակարդակով տեղեկություններ է հավաքել պտղաբերության և հակաբեղմնավորման մեթոդների օգտագործման, մոր, մանկան և չափահասների առողջության, ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների մասին: ՀԺԱՀ 2010-ն ընդգրկել է ավելի քան 7,000 տնային տնտեսություններ, որտեղ հարցվել են 15-ից 49 տարեկան 5,922 կանայք և նույն տարիքային խմբի 1,584 տղամարդիկ:
Որոշ կարևոր բացահայտումներ.
- Ծնելիություն. ինչպես 2000 և 2005 թթ հետազոտություններով, այնպես էլ ըստ ՀԺԱՀ-2010-ի, Հայաստանում կանայք իրենց վերարտադրողական կյանքի ընթացքում ունենում են միջինը 1.7 երեխա:
- Աբորտներ. Հարցմանը նախորդող երեք տարիների ընթացքում բոլոր հղիությունների 29 տոկոսն ավարտվել է աբորտով, և աբորտների գումարային գործակիցը կազմել է 0.8 մեկ կնոջ հաշվով: ՀԺԱՀ-2005-ով այդ ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 45 տոկոս և 1.8:
- Ընտանիքի պլանավորում. ամուսնացած կանանց 27%-ն օգտագործում է հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդ, ինչը 7 տոկոսային կետով ավելին է ՀԺԱՀ-2005-ի ցուցանիշից:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (UNFPA Armenia) աջակցել է ՀԺԱՀ-2010-ի իրականացմանը՝ հիմնական ֆինանսավորող հանդիսացող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) հայաստանյան գրասենյակների հետ միասին: ՀԺԱՀ-2010-ի իրականացմանը մասնագիտական աջակցություն է ցուցաբերել «Այ Սի Էֆ Ինթերնեշնլ» կազմակերպությունը՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «MEASURE DHS» ծրագրի շրջանակում:
Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2010, հիմնական արդյունքներ