You are here

2019 թ. փետրվարի 12-ին, ՄԱԿ- Բնակչության հիմնադրամը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան ներկայացրեցին նոր մշակված «Շաքարային դիաբետով տարեցների խնամքի բարելավման ուղեցույցը»։

Ներկաներին ողջունեցին և ներածական խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի ղեկավար Արթուր Թորոսյանը և ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական ուղեցույցների և հիվանդների վարման գործելակարգերի հանձնաժողովի նախագահ, բ.գ.թ., դոցենտ Հարություն Մանգոյանը։

«Ներկայում Հայաստանում ծավալուն աշխատանք է ընթանում, նաև մեր մասնակցությամբ, առողջապահության ոլորտում ապացուցահեն ուղեցույցների մշակման ուղղությամբ։ Սակայն դրանցից քչերն են նախատեսված հենց տարեցների համար», - նշեց Աննա Հովհաննիսյանը։

Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի ղեկավար Արթուր Թորոսյանը, խոսելով տարեցների հետ բժիշկների աշխատանքի մասին, նշեց, որ կարևորագույն խնդիրը ոչ թե կյանքի տևողության երկարացումն է, այլ այդ կյանքի որակի ապահովումը։

Հարություն Մանգոյանը, մասնավորապես նշեց, որ տարեցներին հուզողը ոչ թե բժշկական եզրերն ու ցուցանիշներն են, այլ իրենց անմիջական ինքնազգացողությունը։

Ներածական խոսքից հետո Արթուր Թորոսյանը ներկայացրեց ուղեցույցի բովանդակությունը։

Հայաստանում տարեցների տեսակարար կշիռը բավականին մեծ է և մոտ ապագայում շարունակելու է աճել։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը տևական ժամանակ զբաղվում է տարեցների հիմնախնդիրներով, մասնավորապես, աջակցելով Հայաստանում ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության ու գործողությունների ծրագրի ընդունմանը և վավերացմանը։

Գիտակցելով, որ տարեցների առողջական խնդիրների վարումն ունի իր ընդգծված յուրահատկությունները, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը աջակցում է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիային՝ այս ոլորտում հինգ ուղեցույցի մշակման գործում, որոնցից մեկը «Շաքարային դիաբետով տարեցների խնամքի բարելավման ուղեցույցն» է։