ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանում մեկնարկել է համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ նպաստելով կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերում իրազեկվածության և գիտելիքի բարելավմանը։
2024 թվականի մայիսի 29-ին «Արմփաուեր» ՓԲԸ-ի անձնակազմի, Ռենկո Արմեսթեյթ ընկերության ներկայացուցիչների ու «Սիեմենս Էներջի» ընկերության աշխատակիցների համար կազմակերպված աշխատաժողովի արդյունքում 23 մասնակից բարելավել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության, գենդերային խտրականության և բռնության անթույլատրելիության վերաբերյալ իրենց գիտելիքը։
«Շատ ուրախ ենք մասնավոր հատվածից գործընկերության առաջարկ ստանալու և մեզ համար համագործակցային նոր ուղիներ նախանշելու համար։ Կարծում եմ, որ սա մեծ հեռանկարներ ունեցող ռազմավարական ուղղություն է։ Այս նախաձեռնությունը հրաշալի սկիզբ է դնում մասնավոր հատվածում կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ գիտելիքների և գենդերային հացերում զգայունության բարձրացմանը նպաստելու կարևոր ճանապարհին»,- ասել է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակում ծրագրի համակարգող Թագուհի Հարությունյանը։
Կարևորելով կանանց դերն ու մասնակցությունը ընկերության աշխատանքներում՝ «Արմփաուեր» ՓԲԸ Գլխավոր Տնօրեն Պաոլո Պաֆֆումին վերահաստատել է «Արմփաուեր»-ի որդեգրած քաղաքականությունը ուղղված՝ կանանց և աղջիկների նկատմամբ գործադրվող խտրականության ցանկացած ձևերի բացառմանը, ինչպես նաև կարևորել է կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը:
«Մեր ընկերության համար հավասար կառավարումն ու հարգանքը հիմնարար արժեք են, իսկ գենդերային հավասարությունը ընկերության 2024 թվականի թիրախային ուղղություններից է»։
Աշխատաժողովի մասնակիցներից 28-ամյա Նազարեթ Մերմերյանն ընգծել է իր հետաքրքրվածությունը Հայաստանում տղամարդկանց և կանանց իրավահավասարության վերաբերյալ պատկերացում կազմելու հարցում։ «Իհարկե, կան անհավասարություններ, ինչպես օրինակ, հանրային տրանսպորտում կանանց տեղ զիջելը, որը մեր հանրության համար դրական նշանակություն ունի և ճիշտ վարվելակերպ է համարվում։ Բայց մյուս կողմից հավասարությունը պետք է ապահովվի, եթե խոսքը իրավունքների և ներուժի իրացման մասին է։ Օրինակ, եթե կինը և տղամարդն ունեն նույն մասնագիտական կարողություններն ու փորձը, պետք է ունենան աշխատելու և վարձատրվելու հավասար հնարավորություններ»։
Աշխատաժողովն անդրադարձել է գենդերային հավասարության, կարծրատիպերի հաղթահարման և բռնության կանխարգելման թեմաներին, ինչպես նաև քննարկել, թե ինչու մասնավոր ընկերությունները պետք է նպաստեն իրենց աշխատակազմերում գենդերային հավասարության պահպանմանը։
«Հայաստանում նման նախաձեռնությունները եզակի են, հատկապես այն առումով, որ մասնավոր հատվածն էր դիմել, որպեսզի իր աշխատակազմը վերապատրաստվի գենդերային հավասարության թեմայով։ Շատ լավ հնարավորություն էր նաև մեզ համար՝ հասկանալու մասնավոր հատվածում կարիքները և ավելի լավ պատկերացնելու, թե ինչ մոտեցումներ ե հարկավոր նրանց հետ աշխատելիս։ Հրաշալի էր, որ մասնակիցներից ոչ մեկն անտարբեր չմնաց, ինչը ապացուցում է, որ սա շատերին հետաքրքրող թեմա է, և նման քննարկումներ պետք է հաճախ կազմակերպել»,- ասել է աշխատաժողովը վարող գենդերային հարցերով փորձագետ Արման Ղարիբյանը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ուսումնասիրություններ, ըստ որոնց կանանց մասնակցության աճը աշխատուժում և որոշումների կայացման մեջ ոչ միայն բարելավում է նրանց բարեկեցությունը, այլև բարձրացնում է ընդհանուր արտադրողականությունը, վերջիններիս ակտիվ ներգրվումը նպաստում է կազմակերպությունների շահույթի աճին, ինչպես նաև նորարարական ապրանքներ և ծառայություններ մշակելուն։
«Առաջին անգամ եմ այս թեմայով և ձևաչափով աշխատաժողովի մասնակցում, բավական ակտիվ ու հետաքրքիր անցավ։ Շատ հետաքրքիր էր ինձ համար նաև գործընկերներիս կարծիքը լսել։ Կարևոր է, որ կանայք և տղամարդիկ հավասար հնարավորություններ ունենան, կնոջ դերը բարձր գնահատվի, կինը ոչ թե միայն որպես տնային տնտեսուհի և մայր ընկալվի, այլև գնահատվի կնոջ ներուժը աշխատավայրում և որոշումների կայացման հարցում։ Անկախ սեռից, մարդիկ պետք է ունենան իրենց ներուժն իրացնելու հնարավորությունը»,- ընդգծել է մասնակիցներից 30-ամյա Քնարիկ Պետրոսյանը։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:
Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։