Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

«Արցախից բերած մեր ամենամեծ հարստությունը՝ Գաբրիելան»

«Արցախից բերած մեր ամենամեծ հարստությունը՝ Գաբրիելան»

News

«Արցախից բերած մեր ամենամեծ հարստությունը՝ Գաբրիելան»

calendar_today 07 April 2024

Ժպտացող երիտասարդ կինը գրկին պահում է մի քանի ամսական աղջիկ երեխայի
Մարի Քալաշյանը՝ փոքրիկ Գաբրիելայի հետ

«Արցախից բերած մեր ամենամեծ հարստությունն է»,- ժպիտով ասում է Մարին՝ ցույց տալով փոքրիկ Գաբրիելային՝ տատիկի գրկում,– «օրը երեխաների հետ ենք անցկացնում, նրանք են օգնում, որ ցրվես, շատ չմտածես խնդիրների մասին, օրդ անցնի․․․ ․»

Այսպես սկսվեց մեր զրույցը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 25–ամյա Մարի Քալաշյանի հետ։ Մարին ալտահար է, նվագում էր Արցախի կամերային նվագախմբում։ 2023 թվականի սեպտեմբերին նա էլ իր ամուսնու, երկու երեխաների ու հարազատների հետ  Լեռնային Ղարաբաղից տեղափոխվում է Հայաստան։ Այդ ժամանակ Մարին իր հղիության ութերորդ ամսում էր։ 

Սա Մարիի հետ մեր ունեցած երկրորդ հանդիպումն էր․ առաջինը Գորիսում էր, դեռ 2023 թվականի հոկտեմբեր ամսին, երբ ընտանիքն ապաստանել էր ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և ՎԻՆՆԵԹ Հայաստանի կողմից գործող ժամանակավոր կացարանում։

«Մեզ այստեղ շատ ջերմ ընդունեցին, ամեն ինչ կար, բայց քանի որ երեխաս պետք է ծնվեր, մեզ առանձին տուն էինք ուզում, որ ավելի հեշտ լինի կենցաղն ու երեխային մեծացնելը»,–ասում է Մարին։ 

Մեր հանդիպումից օրեր անց Մարիի ընտանիքը տեղափոխվում է Վանաձոր, որտեղ և հոկտեմբերի 24–ին ծնվում է Գաբրիելան։ Սակայն ընտանիքը երկար չի մնում նաև Վանաձորում ու ևս մեկ անգամ է տեղափոխվում, արդեն՝ Աբովյան քաղաք։

Մոտ երկու ամիս է, ինչ Մարին՝ ամուսնու, երեխաների, սկեսրոջ և տալի հետ ապրում են վարձակալած մեկ ննջարանով բնակարանում։  Այս պահին միայն ամուսնու քույրն է աշխատում, բուժքույր է։ Վարձակալության գումարը կարողանում են տալ միայն պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ․

«Վարձի գումարը շատ մեծ է, այս դատարկ տանը մենք ամեն ամիս երկու հարյուր հազար գումար ենք տալիս, ու եթե չլինի պետության կողմից տրամադրվող օգնությունը, չգիտենք, թե ինչ ենք անելու։ Մեզ հետ ոչինչ չենք բերել, այնտեղ երկու տուն ունեինք, իսկ այն ինչ տեսնում եք տանը կամ բարի մարդիկ են նվիրել, կամ մենք ենք փորձել գնել Լիստով (երկրորդային շուկա) եղած հայտարարություններից․․․»։

Սակայն Մարին չի ընկճվում, լիահույս է, որ բոլոր խնդիրները հաղթահարելի են, հատկապես, որ երեխաները լցնում են օրը․ փոքրիկ Գաբիի խնամքը, տղաներից ավագն արդեն դպրոց է հաճախում, իսկ կրտսեր տղան՝ մանկապարտեզ։

Մարին ասում է, որ երեխաները քիչ–քիչ հարմարվում են նոր տեղում․

«Մեր բախտը բերեց, որ մեծ տղայիս դասարանում հենց արցախցի մի տղա կա, որի հետ նույն դասարանում են սովորել։ Այդ տղայի միջոցով սկսեց դպրոց մեծ սիրով գնալ, շատ շուտ մերվեց, դպրոցում էլ շատ լավ են վերաբերվում մեզ, շատ ուշադիր են, դե փոքր տղաս էլ մանկապարտեզ է գնում․․․»,– պատմում է Մարին ու համոզում Արմանին (կրտսեր որդին է), որ արտասանի հանդեսի համար պատրաստած բանաստեղծությունը, բայց Արմանն,  ամաչելով ժպտում է ու գլուխը թեքում։ 

Մարին դեռ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի, չի ստացել երեխայի համար նախատեսված պետության կողմից տրամադրվող գումարը։ Ամուսինն էլ վարորդական վկայականն է փորձում վերականգնել, որը թողել է Լեռնային Ղարաբաղում․ «Ամուսինս  վարորդական քննություն նորից պետք է տա, գրանցվել է, նոր–նոր հերթը հասել է։ Մեքենա ունենք, գուցե տաքսի կքշի սկզբում, որ գումար վաստակի»։

Մարիի հետ զրույցները երեխաներից ու կենցաղից հետո տանում են դեպի Լեռնային Ղարաբաղ․ 

«Օրն անցկացնում ենք երեխաների օգնությամբ, բայց ամենադաժանը գիշերն է, երբ մնում ես քո մտքերի հետ, մտքով Արցախում եմ, Ստեփանակերտում անընդհատ, մեր տանը․․․ շատ դժվար է լուսանում․․․․»

«Երևի այդ օրերը երբեք էլ չեմ մոռանա, նաև այդ բենզինի պայթյունը, որտեղ հորեղբայրս զոհվեց, ոնց էինք մի փոքր շաքարով չայը մի քանի մասի բաժանում, որ երեխեքին տանք․․․մի քանի հատ խաշած կարտոֆիլը, որը երեխեքի համար էինք պահել, որ ճանապարհին ուտեն, էն էլ թթվել էր․․․ երկու օր ուտելու բան չենք ունեցել, մինչև հասանք Գորիս․․․»,–հուզված պատմում է Մարին։

Այդ ամիսների դժվարությունները, սննունդի բացակայությունն ու սթրեսը մինչև այսօր էլ իրենց ազդեցություն են ունենում։ Մարին պատմում է, որ փոքրիկը հաճախ է հիվանդանում․ 

«Բժիշկներն ասում են, քանի որ հղիության ժամանակ Արցախում ոչ մի նորմալ սնունդ չեմ ստացել, փոքրիկի օրգանիզմը շատ թույլ է։ Վերջերս էլի հիվանդացել էր, Արաբկիրի հիվանդանոցում էինք, արհեստական շնչառական ապարատ էին միացրել, բայց փառք Աստծո, լավացավ։ Հիմա բոլոր երեխաներիս վիտամիններ են նշանակել, որ ընդունեն։ Այն ինն ամիսների բլոկադայի հետևանքները հիմա նոր–նոր զգում ենք»,– պատմում է Մարին ու նորից վերհիշում Հայստանանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ կամրջի փակվելու, իրենց դժվարությունների ու Հայաստան տեղափոխվելու մասին։ 

Վարձակալած տան պահարանի վերևում խնամքով պահվում է Մարիի ալտը, որը հենց Մարիի մայրն է իր հետ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բերել։ 

Մարին զգուշությամբ իջեցնում է ալտը, սրբում պատյանի վրայի փոշին ու պատմում դեռ մշուշոտ ապագայի իր պլանների մասին․

«Եթե տուն լինի, հիմնական մի տեղ, որ իմանանք մերն է, կմնանք, կմեծացնենք երեխաներին։ Գաբին էլ մի քիչ մեծանա, ես էլ կաշխատեմ․․․»,- ասում է Մարին ու ձեռքը վերցնում գործիքը, որը նվագում է դեռ հինգ տարեկանից։

«Ալտ է, մայրիկս վերջին պահին, որքան էլ շատ քիչ տեղ կար մեքենայում, գործիքս վերցնում է հետը։ Բոլորին ասում եմ, որ նա իմ առաջին երեխան է, մեծս էլ խանդում է (ժպտում է), հենց էդպես եմ ասում․․․Մի քիչ խոնավացել է հիմա, վնասվել, բայց մասնագետ կա այստեղ, որոշ ժամանակ անց կվերանորոգի, սա իմ գործն է, նաև իմ հաց վաստակելու միջոցը։ Հիմա իրականում սիրտս չի էլ տալիս, որ նվագեմ, անգամ տանը երաժշտություն չեմ սիրում, որ լինում է, բայց մի օր անպայման էլի կսկսեմ նվագել»։