Գյումրու «Ընտանիքի անկյունում» աշխույժ մթնոլորտ էր. երկու տղամարդիկ խանդավառությամբ փորձում են փոխել «նորածին» տիկնիկների տակդիրները, իսկ շուրջ տասը այլ երիտասարդ տղամարդիկ ու կանայք ուշադիր հետևում են նրանց։ Հայրիկների դպրոցի երրորդ հանդիպումն է՝ նվիրված երեխայի խնամքին և խնամքի պարտականությունների բաշխմանը։
Նպատակ ունենալով դրական ուսումնական միջավայր ստեղծել տղամարդկանց համար՝ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով դառնալու ավելի ներգրավված հայրեր և աջակցող զուգընկերներ, Հայրիկների դպրոցները նպաստում են ընտանիքում կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը։
«Մասնակիցները հանդիպումների ժամանակ բավականին ոգևորված են։ Նրանցից ոմանք նույնիսկ խոստովանում են, որ զարմանալիորեն ազատ են զգում իրենց մտքերն ու զգացողություններն արտահայտելիս, թեպետ հայտնի են որպես «չշփվող»,- ասում է Գյումրու «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի համակարգող Աստղիկ Հովհաննիսյանը։ Աստղիկը նաև Հայրիկների դպրոցի առաջին՝ «Հոր ազդեցությունը» թեմայով հանդիպման դասընթացվարն էր։
Ընդհանուր առմամբ այս տարվա հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում անցկացվել է Հայրիկների դպրոցի չորս թեմատիկ հանդիպում։ Բացի հոր ազդեցության և խնամքի բաժանման մասին հանդիպումներից, ևս երկու հանդիպումներ են անցկացվել փորձագետների համակարգմամբ՝ նվիրված հղիության ու ծննդաբերության թեմաներին։
«Գաղտնիք չէ, որ կանանց ու տղամարդկանց դերերի մասին կարծրատիպերը շատ տարածված են։ Ես և ամուսինս որոշեցինք մասնակցել այս դասընթացին, որ խուսափենք այն խնդիրներից, որոնց բախվում են մեր շրջապատի շատ զույգեր»,- ասում է Սուսաննան՝ իր առաջնեկի ծննդյանը սպասող երիասարդ կին, որը մասնակցել է Հայրիկների դպրոցի մի քանի հանդիպման։ «Օրինակ,- շարունակում է նա,- երբ երիտասարդ հայրիկները վախենում են մոտենալ նորածնին՝ պատճառաբանելով՝ բա որ ճիշտ չգրկեմ, բա որ վնասեմ, թող մի քիչ մեծանա, հետո կգրկեմ։ Այլ բաների թվում, դասերի ժամանակ մենք սովորեցինք, թե ինչպես ճիշտ գրկել երեխային, որ դիրքով։ Նույնիսկ սովորեցինք ծննդաբերության ժամանակ ցավը մեղմացնող այնպիսի հնարքներ, ինչպիսիք են շնչառական վարժությունները»։
«Երբ մեր երեխան ծնվի, Հայրիկների դպրոցում ձեռք բերած գիտելիքը շատ կօգնի մեզ։ Ու շնորհիվ այս դասընթացի՝ համոզված եմ, որ երեխայի խնամքով ինձ հետ հավասար կզբաղվի նաև իմ ամուսինը»,- ասում է Սուսաննան։
Ընդհանուր առմամբ 45 երիտասարդ տղամարդիկ ու կանայք են մասնակցել Գյումրու Ընտանիքի անկյունում կազմակերպված Հայրիկների դպրոցին։
Գարեգինը՝ Սուսաննայի ամուսինը, ասում է, որ միշտ էլ ցանկություն ունեցել է մասնակցելու իր ապագա երեխայի խնամքին։ Այդուհանդերձ, նախքան Հայրիկների դպրոցի հանդիպումները վախ է ունեցել, որ չի կարող շատ բաներ անել այնքան լավ, որքան մայրիկները։ «Սա է պատճառը, որ անմիջապես համաձայնեցի մասնակցել այս սեմինարին։ Մենք քննարկեցինք այնպիսի խնդիրներ, մանրամասներ, որոնք մի քանի ամսից հաստատ պետք կգան ինձ՝ երբ մեր երեխան ծնվի»,- ասում է Գարեգինը, որը Հայրիկների դպրոցին շնորհակալ է իր նախնական վախերի հաղթահարմանն օգնելու համար։
Հայրիկների դպրոցի հանդիպումներն անցկացվում են «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մշակված և Հայաստանի համատեքստին համապատասխանեցված «Հայրիկների դպրոց» ձեռնարկի հիման վրա։ Հաջորդ տարի Գյումրու «Ընտանիքի անկյունում» կանցկացվեն հանդիպումներ այլ թեմաներով, իսկ Վանաձորի և Իջևանի «Ընտանիքի անկյունների» բացումից հետո հայրիկների դպրոցներ կմեկնարկեն այնտեղ նույնպես։
Հայրիկների դպրոցները կազմակերպվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Գյումրիում Հայրիկների դպրոցի հանդիպումներն իրականացվում են Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությամբ։