Ուղեցույցի նպատակն է տրամադրել ապացուցողական բարձր արժեք ունեցող տեղեկություններ դեռահասային տարիքում առաջնային դիսմենորեայի ախտորոշման և բուժման վերաբերյալ: Այն չի հակասում, այլ հիմնվելով ապացուցողական բժշկության արդի եվրոպական, ամերիկյան, կանադական, գրականության վրա լրացնում է գործող չափորոշիչները, հատկապես անդրադառնալով այնպիսի կլինիկական խնդիրներին, որոնք լուսաբանված չեն առկա փաստաթղթերում:
Մեթոդաբանություն
Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում » ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի աղբյուր են հանդիսացել Մանկաբարձ- գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG), ինչպես նաև Կանադայի Մանկաբարձների և գինեկոլոգների ընկերության (SOGC) կողմից ներկայացված կլինիկական ուղեցույցները, PubMed և UpToDate շտեմարանների արդի տվյալները: Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում հիմք է ընդունվել ուսումնասիրությունների որակի գնահատումը ըստ Կանադայի Կանխարգելիչ ծառայությունների օպերատիվ խմբի կողմից առաջարկվող դասակարգումը (Տես Հավելված 1):
Ուղեցույցի տեղայնացման գործընթացը իրականացվել է համաձայն ADAPTE միջազգային մեթոդաբանության:
Հիմնական պնդումների վերջում նշված են ապացուցողական աստիճանները՛ ըստ վերոհիշյալ աղբյուրների, համաձայն GRADE համակարգի: Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի, կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց, ինչպես նաև ուղեցույցի ներդրման արդյունքում քաղած դասերից: Ուղեցույցը նախատեսված է հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում գործող մանկական գինեկոլոգների, ընդհանուր պրակտիկայի բժիշկների, դեռահասների առողջության խնդիրներով զբաղվող մասնագետների, առողջապահության կազմակերպիչների համար: