You are here

«Շատ էի ուզում սովորել մատնահարդարում, բայց հնարավորություն չէր լինում, պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվեցինք Գորիս և պետք է ավելի լրջորեն մտածեինք աշխատանքի մասին, որ կարողանայինք հաստատվել, ապրել»,- հանդիպման ժամանակ պատմեց Անի Հովհաննիսյանը, որ ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացների մասնակից է,- «Շատ ուրախացա, որ ինձ ընտրեցին։ Երկու փոքրիկ երեխա ունեմ, մինչև իրենց մեծանալը գոնե տան պայմաններում կկարողանամ աշխատել և կիսել ընտանիքիս հոգսը»։

Անին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորած «Հումանիտար աջակցություն» ծրագրի շահառուներից մեկն է, որի շրջանակներում վերապատրաստվելու, նոր հմտություններ ու արհեստ սովորելու հնարավորություն են ստացել ավելի քան երեք հարյուր կանայք։  Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ծրագիրը մասնակիցներին տրամադրել է սեփական գործը սկսելու համար անհրաժեշտ պարագաներ։

Աստղիկ Խաչատրյանը նույնպես ծրագրի շահառուներից է, քսան տարեկան է, պատերազմից հետո ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Գորիս։

«ՎԻՆՆԵԹ Հայաստանից տեղեկացա ծրագրի մասին, մինչ այդ ոչինչ չգիտեի մատնահարդարման մասին, բայց մեր վարպետը՝ Եվան, ամեն բան սովորեցրեց, ամեն մանրուք. իր գործիքներով նաև փորձել եմ աշխատանք անել, ստացվում է, ինչից ավելի եմ ոգևորվում»,- ուրախությամբ պատմում է Աստղիկը, որ սովորում է Գորիսի պետական  համալսարանում և նշում է, որ գործիքներն ու նյութերը կօգնեն իրեն ինքնուրույն աշխատել ու գումար վաստակել, ինչը շատ կարևոր է, հատկապես, երբ դեռ ուսանող է։ «Լավ աշխատանք եմ ուզում ունենալ, աշխատելը երազանք է, բայց երազանքներն իրականանում են, ինչպես այս հնարավորությունն էր, վստահ եմ, քիչ-քիչ ամեն բան կիրականանա»,- ասում է Աստղիկը։

ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը նշեց, որ Ծրագրի շրջանակներում կենտրոնի տարբեր մասնաճյուղերում իրականացնում են վերապատրաստման աշխատանքներ՝ ուղղված կանանց տնտեսական իրավազորմանը և ուրախությամբ ներկայացրեց հաջողության պատմություններ նաև հենց Գորիսից։

«Գորիսում նախորդ դասընթացի չորս մասնակիցները միավորվել են և որոշել են իրենց սեփական գեղեցկության սրահը հիմնել։ Չորս աղջիկներն էլ Արցախից տեղափոխվել են Գորիս պատերազմի ժամանակ։ Ծրագիրը կազմակերպել է վերապատրաստումը և տրամադրել անհրաժեշտ սարքավորումներ։ Մենք էլ բարերարներ ենք գտել, որոնց շնորհիվ այժմ սրահի վերանորոգման աշխատանքներն են ընթանում»,- նշեց տիկին Տոռոզյանը,-«Սա հաջողության պատմություն է, որը պետք է վարակիչ լինի և այլ աղջիկների համար, որ շարունակեն նոր հմտություններ, գիտելիք ու արհեստ ձեռք բերել և գնան իրենց նպատակների հետևից»։  

Յոլյան Անետան այն գեղեցկության սրահի հիմնադիր տնօրենն է, որն արդեն երկրորդ անգամ հյուրընկալում ու մասնագիտական գիտելիքներ է փոխանցում ծրագրի շահառուներին։

«Մեծ սիրով ենք ընդունել, ասել եմ մասնագետներին, որ ոչ մի կողմնապահություն չլինի։ Ուրախ ենք այս համագործակցության համար, ես ինքս էլ շատ փոքրիկ մի սենյակից եմ սկսել իմ բիզնեսը, հինգ տարի է աշխատում ենք, մոտ տասը մասնագետ ունենք մեր սրահում»,- նշում է տիկին Յոլյանը և հավելում,- «Պետք է միմյանց օգնել, առողջ աշխատանքային մթնոլորտ ստեղծել, համախմբվել ընդհանուր գործի շուրջ, միայն այսպես կկարողանանք հաղթահարել դժվարությունները»։