You are here

Բնակչության համաշխարհային օրը՝ հուլիսի 11-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և APR Group-ը («Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ) Մեդիա կենտրոնում ներկայացրեցին «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» քանակական հետազոտության արդյունքները։

Իրականացվել է ընտրանքային հետազոտություն ՀՀ բնակչության շրջանում: Հարցումներին մասնակցել է վերարտադրողական տարիքի 3000 անձ, որոնցից 1532-ը տղամարդ, իսկ 1468-ը կին: Հետազոտության ընտրանքն ընդգրկել է Երևան քաղաքը և ՀՀ բոլոր մարզերը՝ բնակչության թվի համամասնությամբ:

Վերջին տարիներին ՀՀ-ում արձանագրված ծնելիության նվազումը հանգեցնում է պարզ վերարտադրության գործընթացի խաթարմանը: Վերջինիս պատճառ կարող են հանդիսանալ արտագաղթը, վերարտադրողական վարքագծի փոփոխությունը, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը և այլ պատճառներ: Բացի այդ, 2020 թվականի 44-օրյա պատերազմն իր հետևանքներով էլ ավելի է ընդգծում տվյալ խնդրի արդիականությունը հանրապետությունում։

Հետազոտության նպատակն է պարզել անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում: Ուսումնասիրության արդյունքները հիմք են հանդիսանալու ապացույցների վրա հիմնված առողջապահական նպատակային քաղաքականության և ռազմավարության մշակման համար։ 

Հանդիպման բանախոսներն էին. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը և APR Group-ի («Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ) նախագահ Լիանա Բալյանը։

 

Հանդիպման տեսագրությունը՝ https://fb.watch/ebyfin-Frg/