Օգոստոսի 12-ին Գյումրիում մեծ շուքով նշվեց Երիտասարդության միջազգային օրը, որը հագեցած էր սպորտային, ժամանցային բազմաթիվ միջոցառումներով։
Երիտասարդների միջազգային օրվա այս տարվա կարգախոսին համահունչ, որն էր «Կանաչ հմտություններ երիտասարդների համար», օրը մեկնարկեց հեծանվարշավով, որի նպատակն էր երիտասարդների շրջանում բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորումը, առողջ ապրելակերպի խթանումն ու հասարակության մեջ վերջինների դերի բարձրացումը։
Հեծանվավազքին հաջորդեց երիտասարդների համար հնարավորությունների տաղավարը, որի շրջանակներում Գյումրիում հյուրընկալված Եվրոպական միության Եվրոպական համերաշխության կորպուսի ծրագրի տարեկան գնահատման հանդիպման մասնակիցների կողմից ներկայացվեց ԵՀԿ ծրագրի հնարավորությունները։ Ծրագրի մասնակիցներն անցկացրեցին նաև խաղարկություն ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորոպուս ծրագրերի թեմայով, որի արդյունքում 10 երիտասարդներ ստացան մրցանակներ։
Տոնական օրը եզրափակեց «ՄԵՆՔ Project»-ի երաժշտական կատարումները։
Նախաձեռնությունն իրականացրեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի և Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ՝ Եվրամիության «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման շրջանակներում։