You are here

2021 թ. հոկտեմբերի 4-ին,  Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Վանաձորում հաշմանդամություն ունեցող դեռահասների և երիտասարդների համար հիմք դրեցին անվասայլակով բասկետբոլի՝ քաղաքի առաջին թիմին։

Այսուհետ տեղի հաշմանդամություն ունեցող դեռահասները և երիտասարդները Վանաձորի «Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն» համալիր մարզադպրոցում կարող են մասնակցել անվասայլակով բասկետբոլի մարզումներին:

Մեկնարկի միջոցառումը տեղի ունեցավ «Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն» համալիր մարզադպրոցում։ Ներկա էին տեղի հասարակական՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, մարզադպրոցի անձնակազմը և հետաքրքրված վանաձորցիներ։

Միջոցառմանը ցուցադրական խաղերով հանդես եկան Երևանից ժամանած անվասայլակով բասկետբոլի երկու թիմ՝ «Արտակարգ» թիմը և Հայաստանում անվասայլակով բասկետբոլի առաջին մանկապատանեկան ակումբը՝ «Մոտուս Վիտան», որի ստեղծմանը նույնպես աջակցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։

Լավագույն մարզիկները ստացան խրախուսական մրցանակներ, իսկ նախաձեռնության աջակիցները՝ հուշանվերներ։

Հայաստանում անվասայլակով բասկետբոլի առաջին թիմը ձևավորվել է 1990-ականների սկզբին, իսկ 2019 թվականին ստեղծվել է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան:

«Խոշոր քաղաքներում բասկետբոլի թիմ ստեղծելու գաղափարը կյանքի ենք կոչել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ միասին», - ասում է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի տնօրեն Հարություն Եսայանը, որը նաև գոհ է Վանաձորի ընդունելությունից։ - «Ինչ դուռ թակել ենք, բացվել է», - ասում է նա։

«Մենք ամեն ջանք գործադրելու ենք այս հիանալի նախաձեռնության հաջողության համար, և, նայելով ձեր պայծառ դեմքերին, վստահ եմ, որ հաջողության հասնելու ենք», - ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն առաջին փուլում հոգում է մարզիչների, մարզիկների տեղափոխման, համազգեստի, անհրաժեշտ պարագաների հարցը։

Վանաձորի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը նույնպես հետաքրքրված են Վանաձորում անվասայլակով բասկետբոլի զարգացմամբ և աջակցելու պատրաստակամություն են հայտնել։ 

Հաջորդը Գյումրին է ։)