Go Back Go Back
Go Back Go Back

Կյանքի նոր փուլ՝ նոր հմտություններով

 Կյանքի նոր փուլ՝ նոր հմտություններով

News

Կյանքի նոր փուլ՝ նոր հմտություններով

calendar_today 05 September 2022

 Կյանքի նոր փուլ՝ նոր հմտություններով
արցախցի տարեցների կրթական ծրագիր


«Վերջին անգամ 7-րդ դասարանում եմ կարել, մայրիկս ձևում էր, ես էլ ուղիղ կար էի անում»,- ժպիտով պատմում է տիկին Նաիրան, որը «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»-ի այցելուներից է,- «մոտ մեկ ամիս է, ինչ  շաբաթը երկու օր այստեղ եմ գալիս ու արդեն մի քանի կարի մեքենայի վրա կարել եմ սովորել, ինքնուրույն արդեն մի բարձի երես եմ կարել»։

Տիկին Նաիրան պատերազմից հետո Երևան է տեղափոխվել Հադրութից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի մասնակիցներից է։

ՄԱԲՀ-ի աջակցությամբ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»-ն իրականցնում է արցախցի տարեցների կրթական ծրագիր, որի շրջանակներում մասնակիցները զարգացնում են իրենց կարուձևի հմտությունները՝ հնարավորություն ստանալով վերականգնվելու և աջակցելու իրենց ընտանիքներին ու տարեկիցներին հաղթահարելու պատերազմի հետևանքները։ Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել կարի մենքենաներ և բոլոր անհրաժեշտ պարագաները սպիտակեղեն կարելու համար։ Իսկ ահա մասնակիցների աշխատանքի արդյունքում կարված պարագաները կնվիրվեն այլ արցախցիներին։

«Այստեղ մթնոլորտը շատ հաճելի է, սիրով եմ գալիս, չնայած շատ դժվար էր ինձ համար, 64 տարեկան եմ, 42 տարիների աշխատանքային փորձով, մանկավարժ եմ մասնագիտությամբ։ Բայց մի օրում ամեն բան կորցրեցինք՝ տուն, ծրագրեր. տղաս ատամնաբուժարան էր նախատեսում բացել...ամեն բան Հադրութում ենք թողել, հետս միայն տան բանալիներն են...»,- պատմում է տիկին Նաիրան, որը սակայն իր մեջ մեծ ուժ է գտնում՝ շարունակելու ապրել ու նաև նոր արհեստ ձեռք բերել.

«Այստեղ շատ մանրամասն մեզ սովորեցնում են կարուձևի տեխնիկան... հուսով եմ, որ լավ կյուրացնեմ ու նաև պատվերներ կլինեն, կկարողանամ գումար վաստակել, սոցիալական հարցեր լուծել,- նշում է Նաիրա Գրիգորյանը։

Թամարա Ավանեսյանը նույնպես կենտրոնի այցելուներից է։ Պատերազմից հետո Շուշիից Երևան է տեղափոխվել աղջկա և թոռնիկի հետ։

«66 տարեկան եմ։ Այս տարիքում աշխատանք գտնելը գրեթե անհնար է։ Երբ իմացա այս հնարավորության մասին, սիրով ընդունեցի։ Կարուձևի հետ մինչ այդ կապ չեմ ունեցել, բայց որոշեցի փորձել։ Շատ լավ է այստեղ, գոհ եմ, հատկապես Մարգարիտայից։ Նա բոլոր մանրամասներն ասում է, շատ լավ է բացատրում, համբերատար է, ուշադիրէ։  Մարդիկ էլ են լավը, հաճույքով եմ գալիս»,- պատմում է տիկին Թամարան, որը հատուկ թխվածք էր պատրաստել ու իր հետ կենտրոն բերել՝ գործընկերներին հյուրասիրելու համար։

Աշխույժ, աշխատանքային ու միմյանց օգնող միջավայրում են անցնում հանդիպումները կենտրոնում։

«Արցախցի տարեցներին ուղղված ծրագրի իրականացման ընթացքում նոր կարիքներ են ի հայտ գալիս ու ծրագիրը որոշակի փոփոխությունների ենք ենթարկում, իհարկե չշեղվելով բուն նպատակից, բայց հարմարեցնելով մասնակիցների կարիքներին»- պատմում է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»-ի փոխնախագահ Լիլիթ Մուրադյանը։


«Ծրագրի ընթացքում հասկացանք, որ բացի կարուձևի հմտություններից, կարող ենք նաև ձեռնարկատիրական հմտություններ փոխանցել նրանց, ու նաև ամենաանհրաժեշտ այն տեղեկատվությունը, որը կօգի ինքնուրույն սկսելու իրենց գործը, օրինակ, թե որտեղից կարելի է որակյալ, բայց մատչելի կտոր գնել, ինչպիսի նյութեր ընտրել կարի համար, թելերի, կտորների տեսակները...»։

Լիլիթ Մուրադյանն ուրախությամբ պատմեց նաև մի նոր նախագծի մասին, որի մտահաղացումը վերջերս է ծնվել. «Մենք նաև ունենք տարեցներ, որոնք ասեղնագործում են, մտածում ենք միավորել այս երկու ծրագրերը ու ասեղնագործ կտորը, մեր արցախցիները վերածեն բարձերի, որը կարող ենք վաճառել ու հավելյալ եկամուտ ստանալ, որի մի մասը նաև կտրամադրվի այցելուին»։

«Մեր մասնակիցներից յուրաքանչյուրն օրինակելի է, մարդիկ են, որոնք ուժ են գտել իրենց մեջ, ի վերջո տուն են կորցրել, հարազատներ, բայց չեն սահմանափակվել նաև տարիքով ու ամանակարևորը՝ բաց են նոր բան սովորելու համար»,- նշում է Լիլիթ Մուրադյանը։