You are here

«Կնոջդ պետք է վերաբերվես այնպես, ինչպես ինքդ քեզ: Չի կարելի կնոջ նկատմամբ բռնություն գործադրել: Եթե հասարակությունը չմերժի բռնությունը՝ մի օր էլ կարող է դուստրդ բռնության ենթարկվել»,- ասում է Իջեւանի Ընտանիքի անկյունում «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացի 16 մասնակիցներից մեկը՝ 32-ամյա Հովհաննես Խաչատրյանը։

«Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացը կազմակերպում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», վարում են Վորլդ Վիժն Հայաստան հիմնադրամի սոցիալական աշխատողները։ Դասընթացը բաղկացած է 9 հանդիպումից, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ երիտասարդ կանայք և տղամարդիկ քննարկում են ընտանիքում կանանց և տղամարդկանց դերերը: Դասընթացն ուղղված է այդ դերերի վերաբերյալ կարծրատիպերի հաղթահարմանը, երեխայի խնամքում և կենցաղային հոգսերում տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։

Ներածական քննարկում-խաղը մի քանի վայրկյանում աշխուժություն է մտցնում Իջևանի ընտանիքի անկյունում: Էկրանին հայտնվում են գենդերային կարծրատիպերի շուրջ պնդումներ, որոնց վերաբերյալ իրենց մոտեցումները մասնակիցներն արտահայտում են՝ խմբվելով «կողմ», «չեզոք» և «դեմ» պատասխանները խորհրդանշող «զմայլիկների» (emojis) մոտ:

Այսպես` էկրանին հայտնվում է մոտ 10 պնդում և մասնակիցներին ստիպում մտածել կանանց և տղամարդկանց դերերի, հասարակության մեջ տարածված գենդերային կարծրատիպերի մասին, քննարկել, բանավիճել ու, երբեմն, նաև փոխել դիրքորոշումը: 

«Մեր հանդիպումներն ուղղված են ընտանիքում աղջիկ երեխայի արժևորմանը, ինչը կհանգեցնի պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նվազմանը։ Մեր վերջնական նպատակը գենդերային կարծրատիպերը կոտրելն է, կանանց և տղամարդկանց դերերի հավասար բաշխումն ընտանիքում։ Եւ կանայք, և տղամարդիկ պետք է հավասարապես ներգրավվեն ընտանիքի բարեկեցությունն ապահովելու գործում», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի սոցիալական աշխատող Նարինե Ստեփանյանը։ 

32-ամյա Աշխեն Պետրոսյանն ասում է, որ դասընթացի մասին իմացել է նախկին գործընկերուհուց․ «Իմացա, որ հանդիպման ժամանակ կարևոր է զույգերի ներգրավվածությունը, որովհետև դասընթացը ոչ թե ամուսիններից մեկին, այլ երկուսին է վերաբերում։ Սա հնարավորություն է մեր ընտանիքին կողքից նայելու, հասկանալու, թե ինչպես ենք մենք վարվում տարբեր իրավիճակներում»։

Նրա ամուսինը՝ 34-ամյա Սասուն Դանիելյանն էլ ասում է, որ իրենց տնային գործերում աշխատանքի հատուկ բաժանումներ չկան: Աշխենը լայն բացված ժպիտով հետևում է ամուսնու պատասխանին և ավելացնում. «Ընտանեկան գործերում մենք պարտականություններ չենք սահմանել, ամեն բան ինքնաբերաբար է ստացվում: Եթե ես որևէ բան եմ անում, ամուսինս ինձ հետ է, օգնում է»:  

«Մենք դեռ երեխա չունենք, բայց երեխաների հետ շփումը միշտ հաճելի է եղել ինձ, միշտ էլ պատկերացրել եմ, որ իմ երեխաների հետ ավելի շատ ժամանակ պետք է անցկացնեմ»,- ասում է Սասունը։ 

 

***

«Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացը կազմակերպվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ու «ՄԱԿ կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային  ծրագիրը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացվում է «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։

 

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Մարի Մխիթարյան/ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Լուսանկարները՝ Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի