You are here

Իջևան, ապրիլի 22, 2022 թ. -- Ապրիլի 22-ին` Իջևանում, Եվրոպական միության ֆինանսավորմամբ բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը: «Ընտանիքի անկյունը» հարմարավետ վայր է, որտեղ երիտասարդ տղամարդիկ և կանայք կարող են ձեռք բերել ծնողավարության հմտություններ և ուսումնասիրել ընտանեկան մարտահրավերներին դիմակայելու արդյունավետ ուղիներ:

 

Իջևանի «Ընտանիքի անկյունը» ստեղծվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ` «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և համատեղ իրականացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «ՄԱԿ Կանայք»-ը:

Կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, Տավուշի մարզպետարանի, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Մեր առաքելությունն է մեր երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր անհատ լիովին կարողանա իրացնել իր ներուժը, ինչից կշահեն թե՛ ընտանիքը, թե՛ համայնքն ու պետությունը։ Մենք աշխատում ենք թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետ՝ փորձելով մի կողմից հզորացնել կանանց, մյուս կողմից՝ տղամարդկանց ավելի շատ ներգրավել ընտանիքի և երեխայի խնամքի գործերում»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:

Տավուշի մարզում բացված «Ընտանիքի անկյունն» արդեն երրորդ այսպիսի կենտրոնն է 2020 թվականից Շիրակում, իսկ 2021 թվականից Վանաձորում գործում են «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնները:  

«Պետության քաղաքականությունն ուղղված է ամուր ընտանիքի ձևավորմանն ու պահպանմանը։ Կառավարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել օրենսդրության և քաղաքականության մեջ գենդերային բաղադրիչի ինտեգրման, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի բարելավման ուղղությամբ։ Մեզ համար կարևոր է հասարակության մեջ առկա կարծրատիպերի հաղթահարումը, ընտանեկան բռնության կանխարգելումն ու գենդերային խտրականության դեմ պայքարը»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը՝ խոսելով կենտրոնի հետագա ծրագրերի մասին, ասաց. «Մեծ հույս ունենք, որ «Ընտանիքի անկյունը» կլինի ապահով և հարմարավետ հարթակ ինչպես կանանց և տղամարդկանց, այնպես էլ Իջևանում գործող պետական ու հասարակական կառույցների տարբեր նախաձեռնությունների և միջոցառումների անցկացման համար»։

Մարիամը, ով Իջևանի «Ընտանիքի անկյան» շահառուներից է և կենտրոնի բացման արարողության ժամանակ իր ամուսնու հետ կտրեց կարմիր ժապավենը, շեշտեց. «Սա շատ կարևոր նախաձեռնություն է Տավուշի մարզի երիտասարդների և ընտանիքների համար: Այստեղ մենք հանդիպում ենք իրար, քննարկում ծնողավարության և ամուր ընտանիք ունենալու լավագույն ուղիները»:

Բացման արարողության մաս էին կազմում «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների «Հայրիկները կարևոր են» խորագրով ցուցահանդեսը և Իջևանի երաժշտական դպրոցի սաների երաժշտական ելույթը:



***

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային  ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ Եվրոպական միության թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։ 

Այս հրապարակումը պատրաստվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

 

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: