«Ես սովորեցի, որ մարդն իր կյանքի որ փուլում էլ լինի, պետք է պայքարի և հասնի իր նպատակին կամ երազանքին»
«Իմացանք, որ յուրաքանչյուր անձ ունի ազատության իրավունք և ցանկացած տեսակի բռնություն այդ իրավունքը խախտում է և բռնությունը պետք է պատժվի»
«Այս դասն ինձ ամենաշատն է հետաքրքում, քանի որ սովորում ենք ընկերություն, համերաշխություն և մարդու դրության մեջ մտնել»
Այս արձագանքները հավաքագրվել են գարնանային ուսումնական կիսամյակում իրականացված «Առողջ ապրելակերպի» փորձնական խմբակի դասերի մշտադիտարկման ժամանակ, որին մասնակից էին դարձել Տավուշի մարզի դպրոցների 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանի աշակերտները։
Մշտադիտարկման համար մշակվել էր հատուկ գործիքակազմ, որը թույլ էր տալիս բացի դասալսումից նաև արձագանքներ հավաքագրել աշակերտներից՝ հասկանալու համար դասերի արդյունավետությունը։ Դիտարկման ընթացքում փորձագետներն այցելել են Տավուշի 34 դպրոց և դասալսումներ իրականացրել 60 դասարանում։ Աշակերտների կողմից լրացված հարցաթերթերը ցույց են տալիս, որ աշակերտների 90%-ից ավելին հետաքրքությամբ են մասնակցել դասերին և իրենց դուր է եկել նաև դասն անցկացնելու ձևաչափը։ Իսկ թե ինչ են սովորել դասերից կամ ինչն են կարևորում, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Դեռևս 2020 թվականից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) իր ներդրումն է ունեցել պետության կողմից տարվող կրթական բարեփոխումներին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՄԱԿ-ի համատեղ աշխատանքային խմբի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միասնական ջանքերով Հայաստանի դպրոցներում ստեղծել է «Առողջ ապրելակերպի» փորձնական խմբակներ՝ գործընթացը սկսելով Տավուշի մարզի դպրոցներից։
Նախաձեռնության արդյունքում, առողջ ապրելակերպի կրթությունը որպես առաջնահերթություն է դիտարկվում պետության կողմից և դարձել է նոր դպրոցական ուսումնական ծրագրի մի մասը:
Գործընթացի առաջին փուլում ձևավորվել է փորձագիտական աշխատանքային խումբ, որը բաղկացած է եղել 10 փորձագետից, որոնք ներկայացրել են առողջ ապրելակերպի կրթության տարբեր ոլորտներ՝ վնասակար սովորությունների, բռնության և բուլինգի կանխարգելում, հիգիենա, առողջ սնունդ, սեռական և վերարտադրողական առողջություն, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հնարավորություններ, անվտանգություն, հոգեկան առողջություն և այլն:
Աշխատանքային խումբը մշակել է նոր ուսումնական ծրագիր 5-11-րդ դասարանների համար, ուսուցչի ձեռնարկ 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների համար, որոնք ներառված են փորձնական ծրագրում, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման նյութեր: Փորձնական ծրագրում ներգրավված՝ Տավուշի մարզում աշխատող ուսուցիչների 90%-ը (մոտ 140 ուսուցիչ՝ 74 դպրոցից) 2021թ․ հոկտեմբերին անցել է կարողությունների զարգացման, վերապատրաստաման 6-օրյա դասընթաց՝ «Առողջ ապրելակերպ» դասընթացը վարելու համար։
Այս տարի փորձագետներից կազմված նույն աշխատանքային խումբը կմշակի նաև ուսուցչի ձեռնարկ՝ 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» խմբակը դասավանդելու համար։ Կմշակվեն ուսուցիչների վերապատրաստման համար նյութեր նույն դասարանների համար և տարեվերջին կրկին կիրականացվի ուսուցիչների վերապատրաստում։