Գյումրիում 2023 թվականի մայիսի 20-ին կայացած Ընտանիքի միջազգային օրվա միջոցառումը նշեց «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի ունեցած դրական ազդեցությունն ու փոփոխությունները շահառուների կյանքում: Ներդաշնակության ոգով և հավասար պատասխանատվության ընդհանուր հանձնառությամբ՝ ավելի քան 70 հայաստանցի երիտասարդներ հավաքվել էին տոնելու այս հատուկ օրը և գնահատելու ծրագրի ձեռքբերումները:
Միջոցառումն ընդգծեց կանանց և տղամարդկանց հավասարության ու տղամարդկանց ներգրավվածության կարևորությունը` ամուր և ներդաշնակ ընտանիքներ կառուցելու գործում: Մեկնարկը տրվեց «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի» սաների համերգով։ Միջոցառման մասնակիցները, այդ թվում՝ «ՄԱԿ կանայք» կազմակերպության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի, Շիրակի մարզային իշխանության, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաստատեցին կանանց և տղամարդկանց իրավահավասարության հասնելու իրենց հանձնառությունը և շեշտեցին ընտանիքի՝ որպես հասարակության փոքրիկ մոդելի կարևոր դերը:
«Ընտանիքը սիրո գեղեցիկ արտահայտություն է, որը բնորոշվում է աշխատանքի հավասար բաշխմամբ և միասին անցկացրած թանկարժեք պահերով: Անսահման ուրախություն է այստեղ տեսնել ընտանիքների, որոնք նման համերաշխության օրինակ են՝ ցույց տալով, թե ինչպես պետք է երեխաներին խնամել միասին և դաստիարակել նրանց որպես երջանիկ, ժպտերես անհատներ»,- ասաց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Ընտանիքի միջազգային օրվա միջոցառման նպատակն ընտանիքի դերի արժևորումը և հավասար ներգրավվածության խթանումն էր` նպաստելով ավելի իրավահավասար հասարակության կայացմանը։ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում 2022 թվականին հրապարակված «Արևելյան գործընկերության երկրներում կարծրատիպերի ելակետային ուսումնասիրության» համաձայն՝ Հայաստանում տնային գործերը և խնամքը հիմնականում համարվում են կանանց պարտականություններ։ Կանանց միայն 12%-ը և տղամարդկանց 19%-ն են կարծում, որ դրանք ընդհանուր պատասխանատվություն են: Այս ընկալումը փոխելու և ընտանիքի խնամքի հավասար բաշխմանը հասնելու համար ծրագիրն իրականացրել է մի շարք իրազեկման միջոցառումներ, արշավներ և գործողություններ, այդ թվում՝ «Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարման դասընթացները և «Հայրիկների դպրոցները»:
«Առողջ ու երջանիկ ընտանիքի մոդելը յուրաքանչյուր պետության ամուր հիմքն է։ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գործող Ընտանիքի անկյուններում, ստեղծելով ապահով տարածք և անկաշկանդ միջավայր, այսօր կարող ենք փաստել, որ ունենք առողջ ընտանեկան հարաբերություններ կառուցելու և դրական ծնողավարման մասին հարուստ գիտելիքներով երիտասարդներ և ընտանիքներ»,- ասաց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։
«Ծրագրի ազդեցությունն իմ ընտանիքի վրա» խորագրով հատվածում շահառու ընտանիքները կիսվեցին «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի արդյունքում վերափոխման և հզորացման իրենց անձնական պատմություններով: Տավուշի մարզից Իրինան պատմեց Իջևանի Ընտանիքի անկյունում անցկացված դասընթացներին և հանդիպումներին ակտիվորեն մասնակցելու իր փորձառության մասին: Նա ասաց, որ ծրագիրը զգալիորեն ազդել է իր կյանքի վրա և, հատկապես, կարևորեց երեխաների խնամքի, ընտանիքում պարտականությունների հավասար բաշխման շուրջ քննարկումները:
«Կենդանի գրադարան» ձևաչափով՝ տարբեր ոլորտներից հրավիրված հյուր խոսնակները տարբեր տարիքի և հետաքրքրություններով լսարանին պատմեցին իրենց փորձի մասին, ընտանեկան ու անձնական կյանքում հաջողելու բանաձևը։
Միջոցառումն ամփոփվեց ընտանեկան լուսանկարով՝ խորհրդանշելով սերը, որը միավորում է ընտանիքի անդամներին: «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագիրն արդեն երեք տարի է՝ ընտանիքում հավասարությունը տոնող միջոցառումներն ավանդույթ է դարձրել։ Հատուկ առիթները, ինչպիսիք են՝ Ընտանիքի միջազգային օրը, Տղամարդկանց միջազգային օրը և այլն, ծառայել են որպես արդյունավետ հարթակ, որտեղ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի շահառուները համախմբվել են՝ կիսվելու դրական փորձառությամբ և բարձրաձայնելու հավասարության ու հարգալից հարաբերությունների կարևորության մասին
Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումը մի մասն է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
Մարի Մխիթարյան
Լուսանկարները՝ ՄԱԲՀ և ԵՆԿ