You are here

2018 թ․ սեպտեմբերի 28-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան մեկնարկեցին «Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսը»: 

Երկօրյա այս կոնգրեսին մասնակցում են ծերաբուժության՝ գերիատրիայի ոլորտում միջազգային համբավ ունեցող մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և Հայաստանից և ավելի քան 250 թերապևտ, ընտանեկան բժիշկ, սրտաբան և նյարդաբան: Նպատակն է համախմբել սփյուռքի և օտարերկրյա մասնագետներին, ապահովել փորձի արդյունավետ փոխանակումը, լրացնել այն բացը, որ կա ոլորտի գիտական կյանքում, ինչպես նաև նպաստել տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկների միջև համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Ներկաներին ողջունեցին Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր/նախագահ Արթուր Թորոսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը:

Կոնգրեսի ծրագիրը մեկնարկեց բ․գ․դ․, պրոֆ․ ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ, ԸԲԱՄ-ի համանախագահ, թոքաբան, Միքայել Նարիմանյանը:

Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների շարքում: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսնումների, 2050 թ.-ին երկրում յուրաքանչյուր հինգերորդը կունենա 65-ից բարձր տարիք, իսկ գրեթե յուրաքանչյուր երրորդը՝ 60-ից բարձր: Այդ պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում տարեցների առողջապահությունը և ծերաբուժության՝ գերիատրիայի կայացումն ու զարգացումը որպես ինքնուրույն գիտաճյուղ։

Կոնգրեսը հավաստագրված է Առողջապահության նախարարության կողմից, և մասնակիցներին շնորհվելու են շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ: 

Կոնգրեսի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ: