Բելեն Սանս Լյուկենի և Ֆլորենս Բաուերի ուղերձը
Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ կանայք զրկված են կրթության, ընտրելու իրավունքի, սեփականության և ինքնավարության հիմնարար իրավունքներից: Աշխարհ, որտեղ անվտանգությունը, արժանապատվությունը և անկախությունը երաշխիքներ չեն, այլ ամենօրյա պայքար: Այս աշխարհը, թեև թվում է հնացած, բայց այն այսօր չափազանց մեծ թվով կանանց և աղջիկների դաժան իրականությունն է:
Մենք մեր առաջընթացի համար պարտական ենք արդարության և հավասարության համար անտրտունջ պայքարող այն բազմաթիվ կանանց, որոնք ժամանակին պահանջել են «իրենց տեղն աշխարհում»: Նրանց պայքարը գագաթնակետին հասավ 1995-ի Պեկինի նշանակալից համաժողովում, որտեղ համաշխարհային առաջնորդները ստանձնեցին հանձնառություն՝ ստեղծելու ապագա, որտեղ կանանց իրավունքների պաշտպանությունն ու հզորացումը համընդհանուր նպատակ պիտի լիներ: Այնուամենայնիվ, երեսուն տարի անց մենք հայտնվել ենք վճռական մի նոր փուլում:
Մենք ակնհայտորեն հայտնվել ենք պարադոքսալ մի իրականությունում․ մի կողմից տոնում ենք աննախադեպ առաջընթացը, մյուս կողմից՝ կանանց իրավունքների համար պայքարը երբեք ավելի հրատապ չի եղել, քան այսօր է: Կանայք հաղթահարել են բազմաթիվ խոչընդոտներ, աղջիկներն ավելի կրթված են և իրավական առումով ավելի պաշտպանված, բայց, այնուամենայնիվ, այս ձեռքբերումներն այժմ վտանգված են: Կանանց իրավունքների համընդհանուր այս հակազդեցությունը խորացնում է խտրականությունը՝ թուլացնելով նրանց իրավական պաշտպանվածությունը, սահմանափակելով վերարտադրողական իրավունքները և կրճատելով գենդերային հավասարությանն ուղղված ֆինանսավորումը: Ժողովրդագրական փոփոխությունները, հատկապես ծնելիության ցածր մակարդակի և բնակչության նվազման վերաբերյալ մտահոգությունները, օգտագործվում են՝ արդարացնելու գենդերային հավասարության ոլորտում դժվարությամբ ձեռք բերված նվաճումների վերացումը և սահմանափակելու վերարտադրողական իրավունքները:
2024 թվականին աշխարհի կառավարությունների գրեթե մեկ քառորդը հայտնել է, որ իրենց երկրներում առկա է կանանց իրավունքների հանդեպ հակազդեցություն: Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ ահագնացող բարձր մակարդակի վրա. միայն վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 24 միլիոն կին ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության: Տեխնոլոգիաների միջոցով իրականցվող բռնությունը հանդիսանում է որպես նոր սպառնալիք, որի թիրախում հատկապես երիտասարդ կանայք են: Ուկրաինայում, որտեղ պատերազմը վերափոխել է կյանքի բոլոր ոլորտները, մոտ 2,4 միլիոն մարդ՝ հիմնականում կանայք և աղջիկներ, գենդերային բռնության կանխարգելման և արձագանքման հրատապ ծառայությունների կարիք ունեն:
Կանանց քաղաքական ներկայացվածությունը բարելավվել է․ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանայք այժմ զբաղեցնում են խորհրդարանական մանդատների միջինում 32 տոկոսը (1995 թվականի՝ 11 տոկոսի համեմատ): Սակայն առաջընթացի տեմպերը դանդաղում են, իսկ որոշ երկրներում՝ հետընթաց է արձանագրվում: Գենդերային բռնությունը, վնասակար սոցիալական նորմերը և խնամքի, տնային գործերի անհավասար բաշխվածությունը շարունակում է խոչընդոտել աղքատության հաղթահարմանը և կանանց լիարժեք մասնակցությանը հասարակական-քաղաքական կյանքին: Սա հատկապես զգալի է առավել խոցելի կանանց համար, ներառյալ գյուղական բնակավայրերում ապրողները, հաշմանդամություն ունեցող կանայք, փոքրամասնությունները և տարեց կանայք: Ուկրաինայում պատերազմը սրել է նախկինում գոյություն ունեցող գենդերային անհավասարությունները՝ կանանց կանգնեցնելով բռնության և ավելի ծանր ընտանեկան բեռի առաջ, չնայած, միևնույն ժամանակ, կանայք դարձել են մարդասիրական աշխատանք իրականացնողներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, համայնքային ուժերի համախմբողներ և ձեռներեցներ. այսօր Ուկրաինայի երկու բիզնեսներից մեկի հիմնադիրը կին է։
Ներկա տեմպերով, գենդերային հավասարությունը մնում է հեռավոր երազանք։ Այսօր ծնված աղջիկը կդառնա 40 տարեկան, մինչև կանայք խորհրդարանում կհասնեն հավասար մասնակցության։ Նա կդառնա 68 տարեկան՝ մինչև աշխարհում վերջ կդրվի մանկահասակ ամուսնություններին, և գուցե երբեք չտեսնի, որ ծայրահեղ աղքատությունը հաղթահարված է: Մեզ համար այսպիսի ապագան անընդունելի է։
Մենք՝ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, որպես ՄԱԿ-ի երկու առաջատար գործակալություններ, որոնք հանձնառություն են վերցրել խթանելու գենդերային հավասարությունը, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել անտարբերության դեմ, պարտվողականությունը փոխարինելով դիմադրությամբ, հուսահատությունը՝ հույսով: Մենք պայքարի ժառանգորդներ ենք, բայց նաև այն սերունդն ենք, որը կարող է իրականություն դարձնել գենդերային հավասարությունը: Գենդերային հավասարությունը միայն կանանց և աղջիկների մասին չէ. դա ողջ մարդկությանն առաջ տանող ճանապարհն է:
Կանանց միջազգային օրը մենք կոչ ենք անում բոլորին պայքարել բոլոր կանանց և աղջիկների իրավունքների, հզորացման և հավասարության համար: Թող պատմության մեջ 2025 թվականը մնա, որպես մի տարի, երբ մենք ամուր պահեցինք մեր դիրքորոշումը, տարի, երբ մենք թույլ չտվեցինք, որ առաջընթացը կանգնի, տարի, երբ գենդերային հավասարությունն իսկապես անկասելի դարձրինք: Եկեք միասին քայլենք առաջ՝ որպես կառավարություններ, քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված և անհատներ, որ Պեկինի խոստումն իրականություն դառնա բոլոր կանանց և աղջիկների համար:
Բելեն Սանս Լյուկեն, ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն
Ֆլորենս Բաուեր, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն